Սավչենկո․ Ես պատրաստ եմ բանակցել և՛ անջատողականների, և՛ ռուսական կողմի հետ
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանկան վեհաժողոցի աշխատանքներին մասնակցում էր Ուկրաինայի պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոն։
Սավչենկոյի ներկայությունը իրարանցում էր առաջացրել ԵԽԽՎ-ում։ Սավչենկոն, իրեն բնորոշ վճռականությամբ, պատասխանում էր իրեն մոտեցող լրագրողների հարցերին։ Սոցիալական հարցերի հանձնաժողովում պատգամավորները ևս մեկ անգամ ողջունեցին Սավչենկոյին, ևս մեկ անգամ նրանց մի մասը առիթն օգտագործեց հակառուսական հայտարարություններ անելու համար։
«Նորաթուխ» պատգամավորը, որը դեռ երկար ժամանակ դժվարությամբ կկողմնորոշվի Եվրոպայի խորհրդի շենքում, հանձնաժողովի նիստում ասաց, որ կխոսի ռուսերեն՝ այն ազգի լեզվով, որը ծաղրել է իրեն ու շարունակում է ծաղրել Ուկրաինային, քանի որ չի վստահում ռուսական հեռուստաալիքների թարգմանություններին։ Սավչենկոն հայտարարեց, որ պատրաստ է պայքարել՝ մինչև վերջին ուկրաինացին ազատ կարձակվի Ռուսաստանի բանտերից։
«Ես պատրաստ եմ բանակցել և անջատողականների, և ռուսական կողմի հետ։ Մենք պետք է հաստատենք խաղաղություն, և ես դրան պատրաստ եմ»,-ասաց Սավչենկոն՝ հավելելով, որ չկան վատ ազգեր, այլ կան վատ մարդիկ։
Հարցին, թե ինչպիսի զգացում ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Սավչենկոն պատասխանեց՝ «Ոչ մի», ու ռուս ժողովրդին ցանկացավ «ազատություն ներկայիս բռնապետական իշխանությունից, ազատություն իմպերիալիստական տոտալիտար ռեժիմից»։