Եվրոպայի խորհուրդը միասնական կարծիք չունի Ցեղասպանության վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և պատասխանեց պատգամավորների հարցերին։
Գլխավոր քարտուղարին հարց ուղղեց նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ ասելով, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որից առաջ և հետո Գերմանիայի պատգամավորների նկատմամբ գործածվել են ճնշումներ, իսկ Թուրքիայի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այդ որոշմանը տվեցին բավականին կոշտ և վիրավորական որակավորումներ։
«Նախագահ Էրդողանը նույնիսկ կոչ արեց ստուգել բոլոր այն ազգությամբ թուրք պատգամավորների արյունը, ովքեր կողմ էին քվեարկել: Դժբախտաբար, այսպես կոչված «մաքուր արյան» գաղափարը շատ ծանոթ է Եվրոպային դեռևս Նացիստների գաղափարախոսությունից։
Ինչպես եք Դուք վերաբերում պատգամավորների հանդեպ գործածվող ճնշումներին, ինչպես կարող է Եվրոպայի Խորհրդի մեկ անդամ պետությունը այսպիսի վերաբերմունք ունենալ մյուս անդամ պետության հանդեպ՝ իր իսկ խորհրդարանում արդար և ժողովրդավարական քվեարկություն անցկացնելու պատճառով»,-հարցրեց Նաիրա Կարապետյանը։
ԵԽ գլխավոր քարտուղարն ի պատասխան ասաց, որ իր կարծիքն այն է, ինչ առկա է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված հայտնի Ցյուրիխյան արձանագրություններում, որով նախատեսվում էր, որ պատմաբանները պետք է գտնեն հարցի պատասխանը, թե ինչ է տեղի ունեցել։
Գլխավոր քարտուղարը նշեց, որ Եվրոպայի խորհուրդը չունի միասնական կարծիք այս հարցում։
«Ես տեսնում եմ, որ մյուսներն ունեն այլ կարծիք, ազգային խորհրդարաններն ընդունել են բանաձևեր այս կապակցությամբ, սակայն ես այս պահին չգիտեմ, թե ԵԽԽՎ-ն ինչ պետք է անի այս հարցում։ Սակայն կարծում եմ, որ պատմության հետ ճիշտ վարվելու համար պետք է այն թողնել նրանց, ովքեր զբաղվում են դրանով։ Ամեն անգամ, երբ ես հանդիպում են Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներին, ես կոչ եմ անում նրանց վերադառնալ ստորագրված արձանագրություններին, որը սակայն իրատեսական չէ այժմ»,-ասաց Թորբյորն Յագլանդը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան