Սեֆիլյանն ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է
Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ձերբակալվածների պահման վայրում հանդիպել և զրուցել է Ժիրայր Սեֆիլյանի հետ: Այդ մասին տեղեկացնում են Դիտորդական խմբից:
Ըստ աղբյուրի, զրույցի ընթացքում Ժ. Սեֆիլյանը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Ըստ Սեֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է: Նշվում է նաև, որ դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի և կհանդիպի Ժ. Սեֆիլյանին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 20-ին Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները, պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:
Ըստ աղբյուրի, հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի զենքք-զինամթերք պահելը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:
Մասնավորապես. ըստ պաշտոնական աղբյուրի՝ քրեական գործի շրջանակներում համատեղ կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, քննչական կոմիտեի պնդմամբ, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
Սեֆիլյանը երեկ ձերբակալվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Սեֆիլյանի գրասենյակից առգրավվել են համակարգիչներ, խունացած փաստաթղթեր, դաշտային քարտեզներ
- Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան