Վահրամ Աթանեսյան. Սանկտ Պետերբուրգում քննարկումներն ավելի առարկայական են դարձել
Պետք է արձանագրել, որ Սանկտ Պետերբուրգում ավելի առարկայական են դարձել այն քննարկումները, որոնք սկսվել էին մայիսի 16-ին Վիենայում: «Panorama.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում նախօրեին կայացած Հայաստանի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, նշել է Արցախի հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
«Եթե Վիեննայում չէր հաջողվել ընդունել համատեղ հայտարարություն, դրա փոխարեն հայտարարությամբ հանդես էին եկել Մինսկի խմբի համանախագահողները, ապա Սանկտ Պետերբուրգում արդեն հայտարարությունը տարածվել է երեք նախագահների անունից: Ճիշտ է հայտարարությունը իրավական պարտավորեցնող ուժ չունեցող փաստաթուղթ է, բայց դա քաղաքական հանձնառություն է և եթե հաջողվել է համաձայնություն ձեռք բերել հրադադարի պահպանման և նաև դիտորդական առաքելության ընդլայնամն շուրջ, ապա դա պետք է դրական գնահատել»,- նշեց Աթանեսյանը:
Աթանեսյանի համոզմամբ, դիտորդական առաքելության ընդլայնումը կամ շփման գծում տեխնիկական միջոցների ներդրումը սկզբունքորեն բուն կարգավորմանը էապես չեն կարող լիցք հաղորդել, բայց դա կողմերի միջև որոշակի նվազագույն վստահության մթնոլորտի ձևավորման միջոց է, որն անկասկած իր ազդեցությունը կունենա հետագա քաղաքական քննարկումների վրա:
«Ընդհանուր առմամբ, դատելով կողմերի ԱԳ նախարարների հայտարարություններից սանկտպետերբուրգյան հանդիպումը կարելի է դրական գնահատել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե սանկտպետերբուրգյան հանդիպմամբ կարելի՞ է փաստել, որ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը դրվել է «ռելսերի վրա», Աթանեսյանը պատասխանեց.
«Չենք կարող փաստել, քանի որ մենք գործ ունենք Իլհամ Ալիևի հետ, որը «ավանտյուրիստ» քաղաքական ֆիգուր է, բայց ամեն դեպքում տեղեկատվական ֆոնը պետք է համարել դրական, և հույս ունենալ որ նախ շփման գծում հրադադարը կպահպանվի: Երկրորդ՝ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը Ալիևի ստորագրությամբ, արձանագրում է, որ խնդիրը չունի ռազմական ճանապարհով լուում, և երրորդ՝ կողմերը հանձնառություն են ստանձնում շարունակել քաղաքական քննարկումները: Այսինքն՝ որևէ ժամանակացույց կամ ճանապարհային քարտեզ չկա, ինչի վրա անընդհատ շեշտադրում էր անում Ադրբեջանը»:
Աթանեսյանը նաև նկատեց, որ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգ մեկնեց Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ անցկացնելու հրաման արձակելուց հետո:
«Դա ինչ-որ քաղաքական ակնարկ էր, որ եթե Սանկտ Պետերբուրգում ինքը որևէ հաջողության չհասնի, կարող է վերստին առարկայանալ շփման գծի էսկալացիան և դատելով հայտարարության տեքստից, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունից, որը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը, այդ խաղաքարտը փաստորեն չաշխատեց»,- նշեց նա:
Ամփոփելով՝ Աթանեսյանը վերստին նշեց, որ հանդիպման շուրջ տեղեկատվական ֆոնը դրական է:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը փորձում է խաղաղ գործընթացի նախաձեռնությունը որոշ չափով իր վրա վերցնել. Սաֆրաստյան
- Սերգեյ Մինասյան. Նախագահների հանդիպման արդյունքները և ընթացքը մեծ մասամբ սպասելի էին
- Պաշտոնական Ստեփանակերտը՝ սանկտպետերբուրգյան հանդիպման մասին