«ՆՈՐՔ». Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունները բխում են մասնակիցների շահերից
Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչում համակարգի ներդրումից ի վեր կատարվեցին մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնք համակարգը համալրել են նոր դրական կողմերով: ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ դրանք բոլորը բխում են մասնակիցների շահերից և, ըստ էության, լուծել են հասարակության հիմնական մտահոգությունները` կապված կուտակային բաղադրիչի հետ:
Սահմանվել է սոցիալական վճարի առավելագույն շեմը՝ ամսական 25.000 դրամ: Դա նշանակում է, որ 500 000 դրամից բարձր աշխատավարձ ստացողները ոչ թե կկուտակեն իրենց եկամտի 5 տոկոսը, ինչը, քաղաքացիներից շատերի կարծիքով, մեծ բեռ էր, այլ կկատարեն ամսական ֆիքսված չափի հատկացում` 25 000 դրամ: Այդ գումարը յուրաքանչյուր ամիս կրկնապատկվում է պետական բյուջեի միջոցներից:
1964 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված քաղաքացիների կուտակային խնայողությունները պետությունը կկրկնապատկի` եթե նրանք մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանան կուտակային բաղադրիչին: Այս դրույթը լուրջ արտոնություն է նշված քաղաքացիների համար, քանի որ արդյունքում այդ մասնակիցները կենսաթոշակային տարիքում ստանալու են կենսաթոշակ միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական և կուտակային: Աշխատանքային կենսաթոշակը նրանց համար հաշվարկվելու է աշխատանքային ստաժի բոլոր տարիների դիմաց, իսկ կուտակային կենսաթոշակն էլ բաղկացած է լինելու մասնակցի և պետության կատարած հատկացումներից և դրանց կառավարումից ստացված եկամուտներից:
Դրական փոփոխություն է կատարվել նաև 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց մասով, ովքեր 2014 թվականի հուլիսի 1-ից հետո առաջին անգամ աշխատաշուկա են մուտք գործել: Հիշյալ անձանց կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը նվազեցվելու է եկամտային հարկի գումարից:
Հնարավորություն է ընձեռվել կենսաթոշակային տարիքից շուտ՝ 55 տարեկանը լրանալուն պես, տնօրինել կուտակված միջոցները: Դրա համար անհրաժեշտ կլինի, որ տվյալ պահին` մասնակցի 55 տարեկանը լրանալուց հետո, նրա կուտակած միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու արդյունքում ստացված ամսական գումարը գերազանցի հիմնական կենսաթոշակի 5-ապատիկը (ներկայումս սահմանված հիմնական կենսաթոշակի հաշվարկով` կուտակված միջոցները պետք է կազմեն շուրջ 19 մլն ՀՀ դրամից ավելի):
ժառանգներին վերապահվել է իրավունք մահացած մասնակցի կուտակած միջոցներն ամբողջությամբ ստանալու, այդ թվում՝ միանվագ: Սա նշանակում է, որ կուտակային բաղադրիչի մահացած մասնակցի ժառանգները ունեն ընտրություն` այդ միջոցները ամբողջությամբ միանվագ ստանալու կամ փոխանցելու իրենց անհատական կենսաթոշակային հաշվին և ստանալու արդեն իրենց կենսաթոշակային տարիքում` որպես կենսաթոշակ:
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մասնակցի օգտին մինչև երեխայի երկու տարին լրանալը կատարվում է կուտակային հատկացում ամսական 8000 դրամի չափով, որից 3000 դրամը վճարում է գործատուն՝ որպես սոցիալական վճար, իսկ 5000 դրամը փոխանցվում է պետական բյուջեից՝ որպես լրացուցիչ հատկացում:
Մասնակցին իրավունք է վերապահվել ցանկացած ժամանակ ամբողջությամբ ստանալու կուտակված միջոցները՝ առողջական ծանր խնդիրներ ունենալու և կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումով հիվանդ լինելու դեպքում:
Կուտակային համակարգի մասին տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել սոցիալական ոլորտի 114 անվճար թեժ գծին, որին հնարավոր է նաև հարցեր ուղղել առցանց ռեժիմում` www.epension.am սոցիալական պորտալի Առցանց խորհրդատուի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան