Կայացավ Վարդան Դևրիկյանի «Հայ ուխտավորները Հռոմում» գրքի շնորհանդեսը
Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Վարդան Դևրիկյանը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցի առիթով գրել է «Հայ ուխտավորները Հռոմում» («Armenian pilgrims in Rome») անգլալեզու գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր «Հայ գիրք» գրախանութում:
Գիրքը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում «Գիտական կամուրջներ» ՀԿ-ի կողմից:
«Գրքում, հենվելով հայ պատմագիրների վկայությունների, հայկական միջնադարյան ձեռագրերի, եվրոպական աղբյուների վրա, ներկայացրել եմ հայկական ուխտագնացությունը Հռոմ դասական միջնադարում՝ մինչև 17-րդ դար: Նշել եմ, որ 16-17-րդ դարերում այդ ուխտագնացություններն ուղեկցվել են հայկական տպագրությամբ: Հռոմ գնացած հայ ուխտավորներից Հակոբ Մեղապարտը, Աբգար դպիր Թոխաթեցին զբաղվել էին թե հայ ազատագրական ծրագրերով, թե հայկական տպագրությամբ, թե իրենց խոնարհում էին բերել Հռոմի սրբավայրերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Դևրիկյանը:
Քրիստոնեության շրջանում առաջին հայ ուխտավորի՝ Հռոմ այցելության մասին հիշատակվում է Հռոմում գտնվող 370 թվականի մի տապանաքարի վրա, որտեղ նշված է, որ ուխտավորաբար այդ հայը եկել է, մահացել, թաղվել այդտեղ: Հաջորդն արդեն հիշատակվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում, երբ պատմիչն ասում է, որ Ալեքսանդրիայից գնացել են Հռոմ, խոնարհումը բերել Հռոմի սրբավայրերին:
Գրքի վերջին բաժնում ներկայացված են Հռոմում եղած հայկական հյուրատները:
«Միջնադարում եվրոպական ուխտավայրերի ճանապարհներին բազմաթիվ հայկական ուխտատներ կային: Ընդհանրապես, կային ուխտատներ, որտեղ բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները մնում էին: Հայերն ունեին իրենց առանձին ուխտատները: Զարմանալի երևույթ էր»,- նշեց գրքի հեղինակը:
Վ.Դևրիկյանի խոսքով, գրքում ցույց է տալիս, որ չնայած պատմաքաղաքական ծանր իրավիճակներին, Հայաստանը մշտապես մաս է կազմել ընդհանուր եվրոպական, քրիստոնեական մշակույթի, քաղաքակրթության, ինչքան էլ տրորված, չզմված, հալածված է եղել, հայ միտքը, մշակույթը միշտ համաքայլ է գնացել ժամանակակից եվրոպական մտքի հետ:
Ըստ նրա, նման աշխատությունները հետաքրքիր են նաև Եվրոպայի համար, որովհետև կան նկարագրություններ, որոնք պատմական սկզբնաղբյուրների արժեք ունեն, հետաքրքիր փաստեր է ներկայացնում Եվրոպայի տվյալ քաղաքի, սրբավայրի, վանքի պատմության մասին:
«Համակարգված ձևով ներկայացնելով այդ ամենը՝ ցույց կտանք Եվրոպայի հայկական ընկալումը, հայերի կերպարի ընկալումը Եվրոպայում, որն ունի թե մշակութային առումով կարևորություն, թե արտաքին քաղաքականության համար որոշակի դրական նախանշաններ կլինի»,- ասաց Վ.Դևրիկյանը:
Գրքի հեղինակը ներողություն խնդրեց ընթերցողից, որ գիրքն անգլալեզու է: Նա նշեց, որ իր առաջին գիրքն է, որի առաջին տարբերակը հայալեզու չէ:
«Հռոմի Պապի հետ մեծ թվով հյուրեր են գալու Հայաստան: Դրա համար հարմար գտանք, որ լինի անգլերեն, եկողներին որոշակի տեղեկատվություն կփոխանցի հայ-հռոմեական հարաբերությունների, նաև հայ ուխտավորների՝ Հռոմ այցերի մասին: Իմ բարոյական պարտքը կլինի, եթե նույնիսկ հովանավոր էլ չգտնեմ, տպել նաև հայերեն»,- ասաց նա:
Իսկ մինչ այդ՝ վաղվանից գրքի հայալեզու տարբերակը կլինի granish.org կայքում:
Գիրքը տպվել է 500 օրինակով, բաժանվելու է Պապի հետ Հայաստան ժամանած հյուրերին, լրագրողներին: Գրքի թարգմանիչն է Գայանե Ալեքսանյանը, խմբագիրը՝ Գոհար Մուրադյանը:
Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցը կմեկնարկի ս.թ. հունիսի 24-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապի այցը Հայաստան լուսաբանելու համար հավատարմագրվել է շուրջ 600 լրագրող
- Հրապարակվել է Հռոմի պապի՝ Հայաստան այցի ժամանակացույցը
- Հռոմի Պապի այցը Հայաստան սիրո և երախտագիտության նշան է. Լեոնարդո Սանդրի
- Հռոմի պապը դեպի Հայաստան այցելությունն անվանել է «ուխտագնացություն»
- Հունիսի 24-ին` Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան արարողությունը Ս. Էջմիածնում
- Ֆիլհարմոնիկ նվագախումբը կմասնակցի Հռոմի պապի պատվին կազմակերպվող համերգին
- Հռոմի Պապի այցից առաջ վերականգնվում են Մայր Տաճարի որմնանկարները
- Հռոմի Պապի այցի առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվելու է մեկօրյա ցուցադրություն
- Հռոմի Պապը Ծիծեռնակաբերդ իր այցելությամբ հաստատելու է արդեն իր կողմից հնչեցրած հայտարարությունը. Տեր Շահե
- Հռոմի Պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ. Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
- Հաստատվել են Հռոմի Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը
- Հռոմի Պապն ու Հայոց Կաթողիկոսը Երևանում համատեղ հայտարարություն կստորագրեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան