Քուրդ պատգամավոր․ Պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելով քրդական հարցը չի լուծվի
Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում Թուրքիայում խորհրդասրանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրենքի հետ կապված:
Քննարկումը նախաձեռնել էր ԵԽԽՎ-ում հոլանդացի պատգամավոր Թինի Կոքսը, որին մասնակցում էին ԵԽԽՎ-ում Թուրքիայի խորհրդարանի քրդական «ժողովրդական դեմոկրատական կուսակցության» պատգամավորներ Հիսյար Օզսոյը (Hisyar Ozsoy), Էրթուգրուլ Քյուչքչյուն (Ertugrul Kurkcu)և Ֆիլիզ Քերեստեչիօղլուն (Filiz Kerestecioglu):
Քինի Կոքսն իր խոսքում ասաց, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելն իր մեջ պարունակում է մեծ վտանգներ, և սա, իսկապես, պետք է բոլորին անհանգստացնի։
ԵԽԽՎ-ում «ժողովրդական դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Հիսյար Օզսոյը նշեց, որ ընդամենը 22 տարի առաջ քուրդ պատգամավորները հեռացվեցին խորհրդարանից և հայտնվեցին բանտում, սակայն դա ոչ մի խնդիր չլուծեց, քրդական հարցը լուծում չստացավ։
«Այժմ ևս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է «ժողովրդական դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին դուրս մղել իրավական, ժողովրդավարական գործընթացից»,-ասաց Հիսյար Օզսոյը։
Օզսոյը նշեց, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը, սակայն իրենք խորհրդարանում չունեն այնքան ձայն, որպեսզի կարողանան դիմել Սահմանադրական դատարան։
Քուրդ պատգամավորի խոսքերով՝ իրենց կուսակցության անդամները զրկվում են անձեռնմխելիությունից անհիմն պատճառներով։ 510 հետաքննություններից 99,5 տոկոս դեպքերը կապված են քրդական հարցի վերաբերյալ պատգամավորների հայտարարությունների, արտահայտած մտքերի հետ, որոնք քննադատում են կառավարությանը։
«Թուրքիայում յուրաքանչյուրը, ով քննադատում է կառավարությանը շատ հանգիստ մեղադրվում է դավաճանության և ահաբեկչության մեջ՝ լինի նա լրագրող, պատգամավոր, թե մտավորական»,-ասաց Հիսյար Օզսոյը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են ընդամենն ունենալ խորհրդարանում իրենց մտքերն ազատ արտահայտելու իրավունք։
ԵԽԽՎ-ում քուրդ պատգամավոր Էրթուգրուլ Քյուչքչյուն ասաց, որ քուրդ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նպատակը Էրդողանի անձի կառավարման հաստատումն է։
«Էրդողանը ցանկանում է լինել մեր սուլթանը և կարծում է, որ ինքը ծնված է դրա համար։«ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը» միայն կարող է լինել Թուրքիայի ժողովրդավարության գրավականը և Եվրոպայի խորհուրդը պետք է ուշադիր հետևի, թե ինչ է կատարվում Թուրքիայում»,- ասաց Էրթուգրուլ Քյուչքչյուն։
Նշենք, որ վաղը Եվրոպայի խորհրդում քննարկվելու է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան