Ժիրայր Սեֆիլյանին և ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Ժ. Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։
ժիրայր Սեֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել և ցուցմունք չտալ: Ընդ որում, Ժ. Սեֆիլյանը ցանկություն չի հայտնել ցուցմունք տալ նաև առերես հարցաքննության ժամանակ և հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել Սեֆիլյանի բնակարանում և աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր և այլ նյութեր:
Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, ժ.Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչպես նաև՝ նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Միաժամանակ տեղեկացնում են, որ սույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված երկու անձանց անունները հայտնի են. «Ժողովուրդ»
- Ժիրայր Սեֆիլյանի կնոջ սահմանադրական իրավունքը ոտնահարվել է. Փաստաբան
- Սեֆիլյանն ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է
- Սեֆիլյանի գրասենյակից առգրավվել են համակարգիչներ, խունացած փաստաթղթեր, դաշտային քարտեզներ
- Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան