«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կայանալու է հայկական երկու ֆիլմի պրեմիերա
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ընդգրկված է 16 ֆիլմ: Խաղարկային լիամետրաժ 5 ֆիլմից 3-ը տեղական արտադրության է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:
«Տեղական արտադրության երեք լիամետրաժ ֆիլմ ունենք մրցութային ծրագրում, ինչը լավ է խոսում հայկական ժամանակակից կինոյի տենդենցների մասին»,- ասաց նա:
Հայկական համայնապատկեր ազգային մրցութային անվանակարգն ունի երեք ներքին բաժին՝ լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական:
«Փառատոնի վաղեմի ցանկությունն է եղել, որ հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերի պրեմիերաները կայանան հենց փառատոնի շրջանակում: Ցավոք, ոչ միշտ են հայ ռեժիսորները ցանկացել, որ իրենց ֆիլմի պրեմիերան կայանա փառատոնի շրջանակում: Գուցե մտավախություն են ունեցել, որ դրսից եկած ֆիլմերն ավելի մեծ ճանաչում կամ հաջողություն պետք է ունենան: Այս տարի առաջին փորձն է՝ Աննա Արևշատյանի «Բարի լույս» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչ» խաղարկային լիամետրաժ ֆիլմերի պրեմիերաները կայանալու են հենց փառատոնի ժամանակ»,- ասաց Ր. Մովսիսյանը:
Խաղարկային լիամետրաժ ֆիլմեր ծրագրում ընդգրկված են նաև Ալեքսանդր Անդրանիկյանի «Այդ ամբողջ ջեմը» (Ռուսաստան), Աննա Մելիքյանի «Սիրո մասին» (Ռուսաստան), Դավիթ Սաֆարյանի «28:94 Տեղական ժամանակ» ֆիլմերը:
Ր. Մովսիսյանի ներկայացմամբ, խաղարկային ֆիլմերի թեմաները հիմնականում ոչ վաղ անցյալում կատարված խնդիրների վերլուծությունն է կամ էլ ռեժիսորները գնացել են այդ խնդիրների հետքերով:
Կարճամետրաժ ֆիլմեր ծրագրում ընդգրկված է 4 ֆիլմ՝ Էվելինա Բարսեղյանի «Բրավիստը» (ՌԴ), Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» (Ֆրանսիա), Լուսինե Պապոյանի «Ռադիոլա» (Հայաստան), Նորա Մարտիրոսյանի «Փարիզ-Երևան» (Ֆրանսիա) ֆիլմերը:
Վավերագրական ֆիլմեր մրցութային ծրագրում ընդգրկված է 7 ֆիլմ՝ Գոռ Մարգարյանի «Ավրորա» (Գերմանիա), Գևորգ Ասլանյանի «Բալկանյան դաշնամուր» (Բուլղարիա), Ալբերտ Սարգսյանի «Իմ աշխարհը» (Հայաստան), Կոմս Շահբազյանի «Ռիթմ և ընդմիջումներ» (Բելգիա), Գարեգին Պապոյանի «Սխտորաշեն» (Հայաստան), Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» (ԱՄՆ), Առնո Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաներ» (Ֆրանսիա):
Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի համակարգողի խոսքով, վավերագրական ֆիլմերում հիմնականում ներկայացված է ինքնության որոնման, Հայոց ցեղասպանության թեման:
Ր.Մովսիսյանը տեղեկացրեց, որ Հայկական համայնապատկեր ազգային մրցութային ծրագրին զուգահեռ ընթանալու է նաև «Հայեր. Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, ներկայացվելու են այն ֆիլմերը, որոնք ընդգրկված չեն մրցութային ծրագրում, այն ֆիլմերը, որոնք Հայաստանի կամ հայերի մասին են՝ նկարահանված դրսում ապրող ռեժիսորների կողմից:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». Միջազգային խաղարկային մրցույթի համար բավականին դժվարությամբ են ֆիլմեր ընտրվել
- «Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան