NCR. Հռոմի Պապը Հայաստան է այցելում՝ ընդգծելու քրիստոնյաների միասնությունը
National Catholic Register պարբերականն անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարելիք այցին՝ նշելով, որ Պապը գալիս է ընդգծելու քրիստոնյաների միասնությունն ու ընդհանուր արմատները:
«Մի ժամանակաշրջանում, երբ հրապարակումների գլխագրերը լի են բռնության, զայրույթի և անհաշտության մասին նյութերով, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եռօրյա այցով ուղևորվում է Հայաստան՝ ընդգծելու քրիստոնյաների միասնությունն ու ընդհանուր արմատները»-գրում է պարբերականը:
Պարբերականը նկատում է, որ Հայաստան այցը Պապի համար պարզապես սովորական այց չէ՝ նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության շուրջ ապրիլյան իրադարձությունները:
«Այս ամենն է պատճառ, որ Պապը Քրիստոսի սերը կտարածի իր այցով՝ այն սկսելով դեռ Հռոմեական կայսրությունից էլ առաջ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստան երկրից»,- գրում է պարբերականը:
Շարունակելով, պարբերականն անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանը՝ նշելով, որ հայերի՝ աշխարհով մեկ սփռված լինելու հանգամանքը պայմանավորված է հայ ժողովրդի նկատմամբ իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանությամբ:
Անդրադառնալով Պապին Հայաստանում հյուրընկալելու հայկական կողմի նախապատրաստական աշխատանքներին՝ պարբերականը գրում է, որ այդ աշխատանքներն իրենց ծավալայնությամբ իրապես զարմանալի են: Միաժամանակ պարբերականը հանգամանալից անդրադարձ է կատարում Հայաստանում Ֆրանցիսկոս Պապի մասնակցությամբ սպասվող միջոցառումներին:
Պարբերականի հետ զրույցում ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ինչպես նաև Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը բարձր են գնահատել Ֆրանցիսկոս Պապի այցի նշանակությունը՝ ընդգծելով, որ դեռ Բուենոս Այրեսում ծառայության ժամանակ ապագա Պապը պատվել և գնահատել է հայկական մշակույթը, իսկ հայ ժողովրդի տառապանքներին էլ չափազանց կարեկցանքով է վերաբերվել:
Պարբերականը հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս Պապը առաջինն է Պապերի շարքում, ով 1915 թվականին հայ ժողովրդի կոտարածները բնութագրել է որպես ցեղասպանություն:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու են մանուկները՝ մատուցելով ծիրան և լավաշ
- Հռոմի պապի այցը Հայաստան ընդգծում է համայն հայության հետ իր մտերմությունը. Ֆեդերիկո Լոմբարդի
- Հռոմի Պապի այցը կարևոր է թե՛ Հայաստանի ներքին կյանքի, թե՛ արտաքին քաղաքականության համար․ Դեվրիկյան
- Հռոմի Պապի այցը Հայաստան լուսաբանելու համար հավատարմագրվել է շուրջ 600 լրագրող
- Հռոմի Պապի այցը Հայաստան սիրո և երախտագիտության նշան է. Լեոնարդո Սանդրի
- Հռոմի պապը դեպի Հայաստան այցելությունն անվանել է «ուխտագնացություն»
- Հռոմի Պապի այցից առաջ վերականգնվում են Մայր Տաճարի որմնանկարները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան