Stratfor. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին բանակցությունները որոշակի հույսեր են տալիս
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին բանակցությունները որոշակի հույսեր են տալիս: Այս մասին, անդրադառնալով հունիսի 20-ին Սանկ Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանը, գրում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը:
Կենտրոնը նկատում է՝ չնայած խաղաղության ձգտող այս կարգի դիվանագիտական քայլերին, հակամարտության առանցքային խնդիրներն այդուհանդերձ մնում են չլուծված: Stratfor-ը անդրադառնում է նաև մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հետ կապված՝ միաժամանակ գրելով, որ ներկա փուլում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մոտեցումների առումով մնում են հակադիր դիրքերում:
Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը՝ վելուծական կենտրոնը նկատում է, որ Ռուսաստանն ապրիլից սկսած հավակնում է միջնորդական դիրքերի՝ առանց այս կամ այն կողմի կողքին իրեն դրսևորելու:
«Մինչ այժմ ակտիվացած միջնորդական ջանքերն աշխատում են: Հրադադարի խախտումները նվազել են, ռազմական գործողությունները՝ դադարել, սակայն այս հարաբերական հանգստությունը երկարաժամկետ երաշխիքներ չունի»- գրում է կենտրոնը՝ մտահոգություն հայտնելով, որ ժամանակի ձգձգման դեպքում Ադրբեջանը կրկին կարող է հակամարտության գոտում սրում մտցնել: