Հռոմի Պապի այցը կարևոր է թե՛ Հայաստանի ներքին կյանքի, թե՛ արտաքին քաղաքականության համար․ Դեվրիկյան
Հռոմի Պապի այցին ընդառաջ տպագրված «Հռոմի հայ ուխտավորը» գրքի հեղինակ, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանն «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում ասել է, որ գիրքը ոչ թե գիտական, այլ ավելի շատ գիտաճանաչողական բնույթ է կրում։ Այն, առաջին հերթին, պատրաստվել է Հռոմի Պապի, նրան ուղեկցող ուխտավորների, լրագրողների համար։ Գիրքը հնարավորություն է տալիս ծանոթանալ հայ-հռոմեական դարավոր կապերին և ընդհանուր անցյալին։
«Ես ինքս գրելուց մտել եմ օտար ընթերցողի դերի մեջ և այնպես եմ շարադրել, որ նա հասկանա։ Պետք էր գտնել այնպիսի ունիվերսալ թեմա, որ միավորեր։ Պետք էր ցույց տալ ընդհանուրը»,- ասել է Դևրիկյանը։
Նա նշել է, որ գրքի մեջ հիմնական շեշտադրումն արել է նրա վրա, որ անկախ քաղաքական անկայուն և բարդ իրավիճակից, հայ ժողովուրդը միշտ ձգտել է դեպի ևրոպական և քրիստոնեական արժեքները։
Դևրիկյանը կարևորել է Հռոմի Պապի այցը Հայաստան։
«Սա ևս մեկ հավաստումն է մեր երկրի դիրքի, հոգևոր առումով անցյալի հնության»,- ասել է հեղինակը։
Նա նշել է, որ այս այցը կարևոր կլինի թե՛ մեր երկրի ներքին կյանքի համար՝ լրացուցիչ հոգևոր-բարոյական լիցք կհաղորդի, թե՛ արտաքին քաղաքականության տեսակետից։
«Թող ներվի ասելը, եթե Քարդաշյանի այցով Հայաստանի անունն այդքան շոշափվեց, Հռոմի Պապի, ուխտավորների, լրատվամիջոցների գալով անհամեմատելի կլինեն արդյունքները։ և մենք պետք է փորձենք դրանից առավելագույնս օգտվել»,- նշել է նա։
Հատկապես կարևոր է այն, որ Պապը Հայաստան որպես սրբավայր է գալիս, նշում է, որ առաջին քրիստոնյա երկիր է գալիս։ Այդ կերպ նա քանդում է մոռացության պատը։
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս Պապի հայտարարությանը՝ Դևրիկյանն ընդգծել է, որ դրանով Պապը ցույց տվեց, որ քաղաքական պրագմատիկ աշխարհում պետք է լինեն բարոյական, մնայուն հասկացություններ։ Նա համոզվածություն հայտնեց, որ Հայաստանում Պապը կհենչեցնի խաղաղության կոչեր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին