Հայաստանը Վիետնամից մինչև 2018 թիվը բրինձ կներկրի զրոյական մաքսատուրքով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախօրեին կայացած նիստում սահմանել է Վիետնամից բրնձի` ԵՏՄ անդամ երկրների համար քվոտաները` այս երկրի հետ ազատ առևտրի ռեժիմի համաձայնագրի շրջանակներում: Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Մասնավորապես 2016թ.-ի համար ԵՏՄ անդամ երկրների համար ընդհանուր առմամբ սահմանվել է վիետնամական բրնձի ներկրման 10 հազար տոննա քվոտա, որի մեծ մասը՝ 8974 տոննան, բաժին է ընկնում ՌԴ-ին, 1026 տ. Բելառուսին, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը բրնձի ներկրման համար քվոտա չեն պահանջել:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև 2018թ.-ը գործում է վիետնամական բրնձի ներկրման մաքսատուրքի զրոյական դրույք: Շեշտվում է, որ այս որոշումը որևէ կերպ չի վնասի ԵՏՄ անդամ երկրների բրինձ արտադրողներին, քանի որ այդ տեսակի բրինձ Միության անդամ երկրներում չի աճում: