Ռուսաստանը հնարավոր է հրաժարվի բելառուսական կաթնամթերքից
Ռուսաստանը հնարավոր է ամբողջությամբ հրաժարվի Բելառուսից ներկրվող կաթնամթերքից` վատ որակի պատճառով: Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը գյուղնախարարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ աղբյուրի, նա հստակ օրինակներ է բերել, երբ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Դանկվերտը անհրաժեշտ է համարել Բելառուսի նկատմամաբ խիստ միջոցների ձեռնարկումը:
«Նման խախտումների կրկնության դեպքում Ռոսսելխոզնադզորը ստիպված է լինելու սահմանափակումներ կիրառել Բելառուսից կաթնամթերքի ներկրման գործում՝ առանձին կամ բոլոր ընկերությունների նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 2016-ին Ռուսաստանը Բելառուսից ներկրել է 304 հազար տոննա կաթնամթերք: