Հռոմի պապին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու են մանուկները՝ մատուցելով ծիրան և լավաշ
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի կաթողիկ համայնքի հրավերով: Այցը Հայաստան արարողակարգային առումով տարբեր վերնագրեր, ձևակերպումներ ուներ: Բոլոր տարբերությունները վերացան վերջին օրերին Սրբազան Քահանայապետի կողմից իր այցին տրված գնահատականով՝ ուխտագնացություն,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ Հռոմի պապի այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
«Այս երկու եզրույթն օգտագործելով՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր» և «ուխտագնացություն», Սրբազան Քահանայապետն ընդգծել է վերաբերմունքն իր կայանալիք այցին, Հայաստանին, հայ ժողովրդին, հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցուն»,- նշեց նա:
Ըստ Վ.Սարգսյանի, հայ ժողովրդի շրջանում մեծ ոգևորություն կա, հետաքրքված են նաև զանգվածային լրատվամիջոցները՝ 600 լրատվամիջոց է հավատարմագրվել լուսաբանելու Պապի այցը, որից կեսը միջազգային մամուլի ներկայացուցիչներ են: Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ բոլոր միջոցառումները հայաստանյան հեռուստաալիքներով հեռարձակվելու են ուղիղ, ապահովվելու է նաև արբայնակային հեռարձակում:
Նա հայտնեց, որ արդեն պատրաստ է և թողարկվել է «ՀայՓոստ» ընկերության նամականիշը Հռոմի պապի այցի առիթով, որի պաշտոնական մարման արարողությունը կայանալու է ժամանման օրը՝ հունիսի 24-ին: Այդ օրը նաև թողարկվելու է Կենտրոնական բանկի կողմից հատած հատուկ հուշամեդալը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով, նաև արվեստագետներն են իրենց արվեստով անդրադառնում առաջիկա այցին, մեծ ցանկություն ունեն Սրբազան Քահանայապետին փոխանցելու ժամանակակից արվեստի նմուշեր, հիշողություններ պարգևող հուշանվերներ:
Նա նշեց, որ սփյուռքից մեծ թվով ուխտավորներ են գալիս Հայաստան՝ մասնակցելու պաշտոնական միջոցառումներին:
Հունիսի 24-ին՝ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ, հաշվի առնելով, որ Սրբազան Քահանայապետը ոչ միայն պետության ղեկավար է, նաև կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ, Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ արարողակարգով նախատեսված ընդունելության կարգից բացի Պապին կդիմավորի մանկական երգչախումբը, ժամանման պահին կմատուցվի հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ հենց մանուկների կողմից:
Օդանավակայանում տեղի կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Երկրորդի և Հռոմի պապի կարճատև զրույցը, այնուհետև Սրբազան Քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ, որտեղ տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Այնուհետև նախագահական նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի և Պապի առաձնազրույցը, որից հետո հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով Հայաստանի պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, հանրությանը:
Սրբազան Քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռ, որը այցի ընթացքում կլինի իր կեցավայրը:
Հունիսի 25-ին Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծիսական փոքր արարողություն, Սրբազան Քահանայապետը և Գարեգին Երկրորդը միասին կաղոթեն, կլինի նաև հանուն Պապի տնկված եղևնու օրհնության արարողություն:
«Պապի այցը Ծիծեռնակաբերդ մեզ համար մեծ խորհուրդ և մեծ նշանակություն ունի»,- ասաց Վ. Սարգսյանը՝ հիշեցելով 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը, Հռոմի պապի հայտարարությունը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:
Նույն օրը Գյումրիում կկայանան միջոցառումներ, Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում, իսկ երեկոյան՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համեգը՝ նվիրված Սրբազան Քահանայապետի այցին:
Հունիսի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Սուրբ Տրդատ բաց խորանում կմատուցվի պատարագ, որից հետո Հռոմի պապն ու Գարեգին Երկրորդը կմեկնեն Խոր Վիրապ, կաղոթեն միասին և աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան ուղղությամբ:
Դրանով Հռոմի պապի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապի այցը Հայաստան ընդգծում է համայն հայության հետ իր մտերմությունը. Ֆեդերիկո Լոմբարդի
- The Catholic Register. Հռոմի Ֆրանցիսկոս պապն էկումենիկ հարաբերություններ է հաստատում հայերի հետ
- Հրապարակվել է Հռոմի պապի՝ Հայաստան այցի ժամանակացույցը
- Հռոմի Պապի այցը Հայաստան սիրո և երախտագիտության նշան է. Լեոնարդո Սանդրի
- Հռոմի պապը դեպի Հայաստան այցելությունն անվանել է «ուխտագնացություն»
- Հունիսի 24-ին` Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան արարողությունը Ս. Էջմիածնում
- Ֆիլհարմոնիկ նվագախումբը կմասնակցի Հռոմի պապի պատվին կազմակերպվող համերգին
- Հռոմի Պապի այցից առաջ վերականգնվում են Մայր Տաճարի որմնանկարները
- Հռոմի Պապի այցի առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվելու է մեկօրյա ցուցադրություն
- Հռոմի Պապը Ծիծեռնակաբերդ իր այցելությամբ հաստատելու է արդեն իր կողմից հնչեցրած հայտարարությունը. Տեր Շահե
- Հռոմի Պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ. Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
- Հաստատվել են Հռոմի Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը
- Հռոմի Պապն ու Հայոց Կաթողիկոսը Երևանում համատեղ հայտարարություն կստորագրեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին