Նախարար. Հայաստանից օրական արտահանվում է 600-800 տոննա ծիրան
Այս տարի հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր 5675 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 2710 տոննայի փոխարեն: «Սպայկա» ընկերություն այցելած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ այս տարի բնակլիմայական պայմաններից ելնելով ծիրանը շուտ է հասունացել, և արտահանման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել:
«Չնայած եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի վաղ ակնկալվում էինք ծիրանի ցածր բերք, սակայն այդ կանխատեսումները չիրականացան, և այս տարի նախնական գնահատականներով` կունենանք ավելի քան 60 հազար տոննա բերք»,-ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է նախարարը:
Նրա խոսքով, այս տարի հանրապետությունում սպասվում է պտղի բարձր բերք: Օրական հանրապետությունից արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս, արդեն արտահանվել է 2010 տոննա` նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց, իսկ ծիրանի արտահանման օրական միջին ծավալը կազմում է մոտ 600-800 տոննա:
ԳՆ հրապարակած տվյալների համաձայն, մինչ օրս ընդհանուր առմամբ արտահանվել է 63700 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 76 700 տոննայի դիմաց:
«Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադևոսյանն ասել է, որ այս տարի ծիրանն ավելի լավ ապրանքային տեսք ունի, մթերման գործընթացը հաջող է ընթանում, այս պահին մթերման գինը 500 դրամ է, նախատեսում են կրկնապատկել նախորդ տարվա մթերումների քանակները:
Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է նաև կրկնապատկել ծիրանի արտահանման ծավալները` 5000 տոննա նախորդ տարվա 2500 տոննայի դիմաց: Հետագայում կազմակերպվելու են նաև դեղձի, սալորի, խաղողի և այլ մրգերի մթերումներ:
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվանից հանրապետությունում սկսվել են ծիրանի մթերումները
- ԳՆ. Սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ ծիրանի ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր
- Փոխնախարար. Կունենանք ավելի քիչ, բայց ավելի որակյալ ծիրան
- ԳՆ. Հանրապետությունում այս տարի կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք
- Արմավիրում, Էջմիածնում Արտաշատում ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկերն ու բողբոջները
- Ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է Էջմիածնի և Մասիսի տարածաշրջանների համայնքներում. ԳՆ