Հայաստանում վերջին տարիներին ակտիվացել է ստարտափ շարժումը. Արտաշես Վարդանյան
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը և IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը կազմակերպում են մրցութային օր ՏՏ ոլորտի ստարտափերի համար: Հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում զուգահեռաբար ընթանալու է երկու մրցույթ՝ Seedstars Երևան 2016 -ը և IBM ISTC Startup Challeng-ի վերջին փուլը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
«Հայաստանում վերջին տարիներին բավականին ակտիվացել է ստարտափ շարժումը, օրեցօր ավելանում են նորաստեղծ ընկերություններն, ովքեր ավելի շատ կենտրոնանում են սեփական արտադրանքի արտադրության վրա, պրոդուկտներն ուղղում են գլոբալ խնդիրների լուծմանը: Նման միջոցառումները կարևոր են, որպեսզի ընկերությունները հնարավորություններ ունենան դրսևորել իրենց նման հարթակներում»,- ասաց Ա.Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի 50 հայտադիմումներից ընտրված 12 ստարտափ կներկայացնեն իրենց արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին: Հաղթող մասնակիցը կներկայացնի Հայաստանը 2017 թվականին Շվեյցարիայում կայանալիք մրցույթին:
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ստարտափերը ներկայացնում են տարբեր ոլորտների խնդիրների նորարար լուծումներ՝ կրթական, առողջապահական, բիզնես և այլն»,- ասաց Ա.Վարդանյանը:
Seedstars WORLD-ը ստարտափերի մրցույթ է՝ զարգացող շուկաների և արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար: Այն հանդիսանում է կամուրջ ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնյան հովտի, Արևմտյան Եվրոպայի խոշոր ներդրողների ուշադրությունը:
«IBM ինովացիոն լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոն»-ի բիզնես զարգացման ղեկավար Արեգ Գևորգյանը ներկայացրեց Startup Challenge մրցույթը: 10-շաբաթյա մրցույթի Դեմո օրվա շրջանակում 6 թիմ կներկայացնեն իրենց գաղափարները և կընտրվեն մրցույթի հաղթողները: 40 դիմորդից մրցութային փուլին մասնակցելու համար ընտրվել է 10-ը, որից 6-ն անցել է եզրափակիչ փուլ: Թիմերն իրենց աշխատանքի ընթացքում օգտագործել են IBM Waston արհեստական բանականության կողմից տրամադրվող ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս սեփական լուծումը դարձնել «խելացի»՝ առանց մեծ ջանքեր գործադրելու: Մրցույթի հաղթող երկու թիմերը կստանան 1000 դոլարին համարժեք դրամական մրցանակներ: Թիմերից մեկը կստանա հատուկ մրցանակ՝ 120 հազար դոլարի կտրոն՝ IBM-ի ծառայություններից օգտվելու համար: Լավագույն թիմերին կառաջարկվի շարունակել իրենց աքսելերացիան ISTC կենտրոնում: