Տիգրան Ջրբաշյան. Դժվար թե անտեսեն ՀՆԱ-ի 1/3-ն ապահովող կառույցների մտահոգությունները
Հարկային նոր օրենսգիրքն արագ առաջին ընթարցմամբ ընդունելով կառավարությունը տնտեսվարողների հետ հնարավոր բանակցություններում դիրքավորվելու խնդիր է լուծել: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ, «Ամերիա» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
«Հիմա ակտիվ պրոցես է ընթանում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: Մի շարք փորձագետներ, բիզնես ասոցիացիաներ մասնակցում են դրանց, նախագիծը հոդված-առ հոդված ընթերցվում ու վերանայվում է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հարկային նոր օրենքգրքի վերաբերյալ մտահոգություններ էին հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, Հայաստանի բանկերի միության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի, Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները:
Ջրբաշյանն այսօր հայտնեց, որ նրանց մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում մոտավոր հաշվարկներով կազմում է 30- 34 տոկոս:
«Փաստորեն Հայաստանի տնտեսության 1/3-ը հստակ հայտնել է իր դիրքորոշումն այս փասթաղթի վերաբերյալ: Սրանք բոլորը, բացառությամբ ռուսական ընկերությունների, օտարերկրյա ներդրումներով գործող կառույցներն են՝ ամերիկյան, եվրոպական: Անտեսել այդ կառույցների մտահոգությունները, դժվար հնարավոր լինի: Առաջին անգամ համատեղ հայտարարությամբ հանդես են գալիս բանկերը, ՏՏ ընկերությունները, հանքահումքային ընկերությունները, շինարարության ոլորտում գործող ընկերությունները և այլն»,-ասաց նա:
Տնտեսագետը մտահոգիչ է համարում այն փաստը, որ քննարկման նոր փուլ է մեկնարկկում, ենթադրում է, որ հոդված առ հոդված քնննարկման արդյունքում կարող է կարել կոնցեպտուալ հարցերի համաձայնությունը:
«Ես առաջին նիստի ժամանակ հարց բարձրացրեցի, որնախ և առաջ պետք է կոնցեպտուալ հարցերը քննարկել, քանի որ դրանք փաթեթային լուծում են պահանջում: Համաձայնություն չեղավ, և դա մտահոգիչ է»,-ասաց բանախոսը:
Ջրբաշյանն ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում պետությունը տնտեսության հարաբերություններում հանդես չի գալիս որպես տնտեսվարող սուբյեկտ, այլ խաղի կանոնները սահմանող, որն ազդում է տնտեսվարողների վարքագծի վրա՝ արտադրողների, արտահանողների, ներկրողների:
«Պետությունը դա անելու համար ունի երկու գործիքակազմ՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններ: Առաջինի մասով, կարող եմ ասել, օրենքով սահմանված նպատակները Կենտրոնական բանկը, կարծես թե, ապահովում է: Իհարկե այնտեղ էլ կան խնդիրներ: Իսկ հարկաբյուջետային ոլորտում կան երեք հիմնական ուղղություններ՝ հարկային, մաքսային , բյուջետային ծախսերի համակարգը»,-ասաց նա:
Ջրբաշյանը հիշեցրեց, որ մաքսային համակարգը տրված է անդրազգային մարմնին, պարզ է դառնում, որ տարբեր խաղացողների վարքագծի վրա ազդելու գործիքակազմերից իշխանության ձեռքին մնացել է հարկային քաղաքականությունը:
«Դա միակ զենքն է պետության ձեռքում: Այդ լուրջ զենքի գործածման պարագայում պետք է ունենաս շատ լուրջ էկոնոմետրիկ մոդելավորման տեխնիկաներ ունենաս՝ գնահատելու հնարավոր ազդեցությունները»,-ասաց նա:
Տնտեսագետի խոսքով, այս պարագայում ցավոք սրտի նման գնահատում չկա:
«Ազգային Ժողովին կից գործող տնտեսագիտական և իրավաբանական վարչությունները առաջին անգամ տվել են շատ կոշտ գնահատական նոր օրենսգրքի վերաբերյալ և իրենց զեկույցում նշում են, որ օրենսգրքի ազդեցության ռիսկերը գնահատված չեն»,-նշեց Ջրբաշյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառվում, որ Հարկային նոր օրենսգրքի այս տարբերակով ընդունման դեպքում, ՏՏ ոլորտի աշխատողները բողոքի ակցիաներ կազմակերպեն
- Հարկային նոր օրենսգրքի ընդունումից հետո բանկերն այլևս չեն կարող թափանցիկ աշխատել. ահազանգում է Բանկերի միության նախագահը
- Բիզնես ասոցիացիաներն իրենց մտահոգությունն են հայտնում Հարկային օրենսգրքի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան