Հաստատվեց Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունն ու 2016-2020թթ. գործողությունների ծրագիրը
Գործադիրը հավանություն է տվել Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020թթ. գործողությունների ծրագրին, որի նպատակն է նախատեսվող միջոցառումների իրականացմամբ ՀՀ ամբողջ տարածքում բարելավել բնակչությանը ցուցաբերվող վերարտադրողական առողջության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, հասանելիությունը, ապահովել բժշկական օգնության և սպասարկման արդյունավետ կազմակերպումը, որակի և արդյունավետության շարունակական կատարելագործումը, ինչպես նաև նպաստել առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացմանը:
Որոշմամբ առաջարկվում է սահմանել ռազմավարական ուղղություններ և դրանց հասնելուն ուղղված գործողությունները, մասնավորապես, բարելավել տեղեկատվական բազան` առաջնահերթ խնդիրները որոշելու համար, խթանել առողջապահական համակարգի բարեփոխումները, բարելավել ծառայությունների որակն ու հասանելիությունը, նվազեցնել մայրական և պերինատալ հիվանդացությունն ու մահացությունը, ներդնել վերարտադրողական առողջության ոլորտում ապացույցների վրա հիմնված ժամանակակից մոտեցումներ, տեխնոլոգիաներ, նպաստել նորածինների սեռերի անհամամասնության նվազեցմանը, կանխարգելել և նվազեցնել անպտղության մակարդակը, վերարտադրողական օրգանների քաղցկեղը, ամրապնդել վերարտադրողական առողջության պահպանման մշտադիտարկման, գնահատման և հաշվետվության համակարգերը, իրականացնել վերարտադրողական ծառայություններ տրամադրող բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացում և հմտությունների կատարելագործում:
Որոշման ընդունման նպատակն է նաև վերարտադրողական առողջապահական համակարգի կառավարման նոր մոտեցումների ներդրմամբ համակարգում առավել նպատակային դարձնել առկա մարդկային, նյութական, ֆինանսական ռեսուրսների օգտագործումը, բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը և դրա կառավարման արդյունավետությունը, բարելավել ՀՀ բնակչության սեռական և վերարտադրողական առողջությունը` հնարավորություն տալով նրանց ամբողջ կյանքի ընթացքում հետամուտ լինել վերարտադրողական և սեռական առողջության ոլորտում իրենց ունեցած իրավունքներին:
Կառավարության նիստից հետո ՀՀ առողջպահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրինակ՝ 2006-2015 թվականների ռազմավարությունով 23 տոկոսով նվազել է մայրական մահացությունը, 17%-ով՝ հղիության ընդհատումները, նվազել է նաև մինչև 7 օրական երեխաների մահացությունը:
Նախարարի խոսքերով՝ այս գործընթացը մշտապես պետք է կատարելագործել, հնարավոր չէ հասնել կատարելության. «Մենք պետք է համեմատության մասին խոսենք՝ ինչ ունենք և ուր ենք եկել: Առողջապահության ոլորտը մշտապես պահանջում է բարեփոխումներ՝ ժամանակին համահունչ»: