Մխիթարյանի տրանսֆերը ձախողելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել Ռեմսիին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է հզորացնել թիմի կազմը:
Ինչպես արդեն գիտեք, մանկունյանցիները ցանկանում են իրենց շարքում տեսնել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ում համար պատրաստ են վճարել 25 մլն ֆունտ ստեռլինգ:
«The Sun»-ի տեղեկությունների համաձայն, Մխիթարյանի տրանսֆերը ձախողելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել «Արսենալի» ֆուտբոլիստ Ահարոն Ռեմսիին, ում համար պատրաստ է վճարել 50 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբի հետ այսօր կայացած բանակցությունների ժամանակ տեղի էին տվել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի նյարդերը, ով, ընդհանուր հայտարարի չգալով ղեկավարության հետ, զայրացած նետել էր աթոռը: Թիմը չի ցանկանում բաց թողնել Մխիթարյանին այն դեպքում, երբ վերջինս մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ և ցանկանում է ուժերը փորձել Անգլիայում: