Պրեմիերաներ երևանյան միջազգային կիթառի փառատոնի շրջանակում
Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնի շրջանակում ելույթ են ունենալու և վարպետության դասեր են անցկացնելու յոթ երկրից Հայաստան ժամանած կիթառահարներ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Երևանում հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը:
Ժ. Սարգսյանի խոսքով, փառատոնային համերգների ծրագրում ընդգրկված է հինգ դարաշրջանի՝ ռենեսանս, բարոկկո, դասական, ռոմանտիկ, ժամանակակից ստեղծագործություններ: Նա նաև ասաց, որ փառատոնի ընթացքում լինելու են պրեմիերաներ՝ թե հայաստանյան, թե համաշխարհային:
Փառատոնային երեք համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Բացման համերգին՝ հունիսի 28-ին, ելույթ կունենա ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը Գերմանիայից: Նա իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից և կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում բազմաթիվ միջազգային փառատոների ընթացքում, ինչպես նաև երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Բացման երեկոյին հանդես կգա նաև Ժորա Սարգսյանը:
Փառատոնային երկրորդ համերգը տեղի կունենա հունիսի 29-ին, ելույթ կունենա կիթառահար Դմիտրի Մուրինը Ռուսաստանից: Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև Մոսկվայում անցկացվող Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրենը: Դասավանդում է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում:
Հուլիսի 1-ին՝ փակման համերգին, հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը Բուլղարիայից:
Ժ. Սարգսյանը տեղեկացրեց, որ փառատոնից հետո պլանավորում են համերգներ և վարպետության դասեր անցկացնել նաև Ստեփանակերտում, Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում: