Հայաստանում կստեղծվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ
ՀՀ կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության նիստում նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ:
Նախարարի խոսքերով՝ Հայաստանի ագրոպարենային տնտեսության առաջատար և առավել հեռանկարային խաղողագործության և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության ոլորտներում վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվում են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման ակնհայտ միտումներ:
Սակայն, ըստ Սերգո Կարապետյանի, ոլորտներում առկա հիմնական խնդիրների վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա գինեգործական արտադրանքի արտահանման և խաղողի բերքի մթերման հետ կապված խնդիրները ցույց են տվել, որ օբյեկտիվ տնտեսական բնույթի պատճառներից բացի, դրանք պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Հայաստանում գրանցված տվյալ ոլորտի միություններն ի զորու չեն կյանքի կոչելև իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն: Բացի այդ, ըստ նրա, մինչև օրս դեռևս չեն գտել արդյունավետ ուղիներ, որոնք հնարավորություն կընձեռեին բարձրացնելու արտադրանքի որակը, ընդլայնելու ապրանքի տեսականին, ձևավորելու հայկական միասնական բրենդը և բարձրացնելու դրա ճանաչելիությունը: «Մինչդեռ դրանք են այն հիմնական շարժիչները, որոնք նպաստում են վաճառքի աճին, ուստի` նաև ոլորտի հետագա զարգացմանը»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Նախագծով առաջարկվում է հիմնել խաղողագործության և գինեգործության ոլորտներում առկա խնդիրների լուծմանը մեծապես նպաստող, ոլորտների շահերը արտացոլող, ֆինանսական որոշակի հնարավորություններ ունեցող առանձին կառույց, որը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և հետամուտ կլինի բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին և արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացման աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ լուրջ ակնկալիքներ ունի այս հիմնադրամի ստեղծումից, պետք է լուրջ աշխատանք տանել, որպեսզի հայկական գինիների արտահանումն աճի: «Գինիների որակը լավանում է, մենք որակյալ գինիներ ունենք, նաև գինի խմելու մշակույթ է ձևավորվում: Կարծում եմ՝ լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք, եթե անհրաժեշտություն լինի, ապա նաև ֆինանսավորումը կավելացնենք, որպեսզի ունենանք մեծ արդյունքներ: Օրինակ՝ Վրաստանում այս հիմնադրամը լուրջ արդյունք է գրանցել: Հինգ ամսվա ընթացքում Վրաստանից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով ենք ստեղծում այս հիմնադրամը: Բոլոր ուժերը պետք է ներդնենք, որպեսզի զարգացնենք գինեգործությունը»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: