Սանկտպետերբուգյան հանդիպումից պատրանքներ չունեմ. Թևան Պողոսյան
«Մեծ ակնկալիքներ, պատրանքներ չունեմ, թե լուրջ փոփոխություններ կլինեն սանկտպետերբուգյան հանդիպումից հետո»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ պատմությունը ցույց է տալիս, որ հակամարտության լուծումները, որոնք փորձում են կյանքի կոչել ճիշումների ներքո, այդքան էլ չեն աշխատում:
«Իրական արդյունքը երևի ինչ-որ չափով ժամանակն է, որը խելոք լինելու և ճիշտ օգտագործելու դեպքում, պատրաստ կլինենք ցանկացած տեսակ զարգացումների: Ճիշտ չօգտագործելու դեպքում Ալիևը հասկանալու է, որ ճնշումների տակից դուրս գալու համար ինքը պետք է ինչ-որ բան ապացուցի, և կանի նմանատիպ մի գործողություն, ինչը տեսանք ապրիլի սկզբին»,-նշեց Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ Ալիևն այսօր գտնվում է այնպիսի ճնշումների տակ, ինչը 22 տարի մերժել է և այդ ճնշումների տակ նա Վիեննայում ինչ-որ զիջումների գնաց, համաձայնություն տվեց, որից հետո պետք է մտածի ինչ անի, որ դրա տակից դուրս գա. «Մենք պետք է ամեն օր պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ավանտյուրաների: Իսկ մեր ստաբիլության իրական երաշխավորը լինելու է բանակը, այնպես որ ռազմական միջոցներով պետք է կարողանանք իսկապես այնպիսի մակարդակի շատ արագ հասնել, որ այդ ավանտյուրաները ավելի շատ վնաս բերեն Ադրբեջանին: Մեր դիվանագիտությունն էլ պետք է պատրաստ լինի և միայն պատասխանողի դերում չլինի»:
Անդրադառնալով Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին՝ «Ժառանգության» պատգամավորը նշեց, դրա հետ կապված պետք է շատ լուրջ աշխատել:
«Պապի այցը ամբողջ քրիստոնյա աշխարհում լուսաբանվելու է: Այդ այցը լինելու է նաև Վատիկանի հետ բանակցելու հնարավորություն: Եթե լավ աշխատենք, կօգտվենք, եթե չէ, երկու երեք օր աշխարհում կխոսեն այցի մասին, հետո կլռեն: Մեր ձեռքում է, կօգտվենք դրանից, թե ոչ»: