Հրազդան համայնքին կհատկացվի 150 մլն դրամ
Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի մի շարք բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման և վերելակների վերանորոգման նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված դիտարկումների և վերլուծությունների արդյունքում արձանագրվել է, որ Հրազդան քաղաքում խիստ անհրաժեշտություն է առաջացել համայնքային մի շարք ենթակառուցվածքներում իրականացնել անհետաձգելի աշխատանքներ:
Հատկապես կարևորվում է բազմաբնակարան մի շարք շենքերի բակերի ասֆալտապատումը (շուրջ 120.0 մլն ՀՀ դրամի չափով), ինչպես նաև որոշ բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգումը (շուրջ 30.0 մլն ՀՀ դրամի չափով):
Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ հարցը քննարկվել է Նախագահի հետ, և նշել, որ կառավարության աշխատակազմի բյուջեից 150 մլն դրամ կրճատում են և հատկացնում Հրազդան քաղաքի վերոնշյալ աշխատանքները կատարելու համար:
Գործադիրը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի նաև Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համայնքային խնդիրների լուծման գործընթացի բարելավման նպատակով գույքի ձեռքբերման համար: