Թուրքագետ. Էրդողանի նախագահության պարագայում ԵՄ-Թուրքիա հարաբերությունները բարդ են լինելու
Թուրքիա-ԵՄ հարաբերությունները գնալով ավելի բարդ ժամանակաշրջան են մտնում, իսկ այդ հարցում նախագահ Էրդողանի անձն ու գործոնը առաջնային դեր ունի: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` նշելով, որ պաշտոնական Անկարան և հատկապես Էրդողանը շարունակում են սպառնալիքների լեզվով խոսել ԵՄ-ի հետ:
Փորձագետի խոսքով, դա նախ և առաջ պայմանավորված է փախստականների հիմնախնդրով Թուրքիայի ստացած լծակների հետ, ինչն էլ բավական ակտիվ շահարկվում է Անկարայի կողմից: Թուրքիայի իշխանությունները փորձում են հենց դրա դիմաց ԵՄ-ից ստանալ վիզային ռեժիմի ազատականացումը: Ըստ նրա, սակայն ԵՄ-ն արդեն հասկացնում է, որ պատրաստ չէ ամեն գնով ընդառաջել Թուրքիայի սպառնալիքներին:
«Չնայած Թուրքիան հայտարարում է, որ ԵՄ-ին անդամակցությունը ռազմավարական առաջնահերթություն է, այդուհանդերձ, Թուրքիայի ներկայիս քաղաքական գործընթացների համատեքստում իրականում հակառակ իրավիճակն է ստեղծվում: Ներկայիս իշխանությունները չեն պատրաստվում իրական քայլերի գնալ անդամակցության ուղղությամբ պարտավորությունների կատարման հարցում, իսկ ներքաղաքական գործընթացներն էլ ավելի են հեռացնում Անկարային ԵՄ-ից»,-կարծիք հայտնեց թուրքագետը:
Լ. Հովսեփյանի գնահատմամաբ, Թուրքիայում առկա հակաժողովրդավարական, ավտորիտար գործընթացները բերում են ԵՄ-ի հետ բախման:
«Միաժամանակ լրջորեն փոխվել է եվրոպական առանցքային դերակատարների վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ: ԵՄ-ն պարզ տեքստով հասկացնում է Անկարային, որ Էրդողանի նախագահության ու իշխանության պարագայում ԵՄ-Թուրքիա հարաբերությունները բավական բարդ են լինելու: Մյուս կողմից թուրքական իշխանությունների ելույթներն ու հայտարարությունները նաև Թուրքիայի հանրային ընկալումների առումով շատ բան են փոխում»,- նշեց թուրքագետը:
Նրա խոսքով, որպես հակազդեցություն Էրդողանը շարունակում է փախստականների հոսքը դեպի Եվրոպա ուղղելու սպառնալիքները, ինչպես նաև անդամակցության շուրջ հետագա բանակցությունների նպատակահարմարության հարցով համաժողովրդական հանրաքվեի գնալու հեռանկարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին