Ավելի լավ է մտածել՝ ինչպես ձեռնոցը նետել աշխարհին. Վահե Բալուլյան
Թրենդին հետևելն այնքան էլ ճիշտ չէ, թրենդ ստեղծելն է ճիշտ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող «Բեթկոնստրակտ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վահե Բալուլյանը:
Նա հույս ունի, որ հայկական ընկերությունները կստեղծեն նոր տեխնոլոգիաներ, լուծումներ, մոտեցումներ, որոնք կտարածվեն աշխարհով մեկ ու կդառնան տրենդ:
«Բավականին մրցակցություն կա: Ավելի լավ է մտածել՝ ինչպես ձեռնոցը նետել աշխարհին: Հնարավոր է դա: Փոքր երկրներն արել են»,- ասաց Վահե Բալուլյանը:
Ասուլիսին ներկա «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ի տնօրեն Արտաշես Վարդանյանն ասաց, որ մի քանի օր առաջ է վերադարձել Սիլիկոնյան հովտից, և այն թրենդները, որոնք այնտեղ կան, այս տարածաշրջանը, նույնիսկ ամբողջ Ամերիկան բավականին հեռու են դրանցից:
Ըստ նրա, այսօր հիմնական տենդենցն է՝ արհեստական բանականություն, ամպային տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն:
«Բավականին նոր թրենդներ կան, որոնք հիմնականում փորձում են սև ձեռնոց նետել ավանդական ինդուստրիային՝ տրանսպորտի, ֆինանսական, առողջապահական ոլորտներին»,- ասաց Ա.Վարդանյանը:
Միաժամանակ նա հավելեց, որ այսօր Հայաստանում կան ընկերություններ, ովքեր փորձում են ինչ-որ կերպ լուծել նման խնդիրները, այդ տենդենցների մեջ փորձել ձևավորել իրենց պրոդուկտը, խաղալ այդ դաշտում: