Նույնիսկ «Սանիթեքն» է իրար խառնվել Պապի գալու առթիվ
«Սանիթեք» ընկերությունից այսօր հայտնել են, թե Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի գալու կապակցությամբ աշխատելու են հատուկ ռեժիմով:
Ընկերությունը հայտնում է մանրամասներ՝ «Սանիթեքը» լրացուցիչ ներգրավվելու է ընկերության թվով 195 աշխատակիցների՝ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում սանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար: Նշված աշխատակիցներից 117-ը հերթափոխով աշխատելու են նաև գիշերվա ընթացքում:
«Սանիթեք» ընկերության աշխատակիցներն «օպերատիվ կերպով» աշխատելու են նաև Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառման ավարտից հետո՝ բազմամարդ միջոցառման արդյունքում կուտակված աղբը հավաքելու և հրապարակը մաքրելու համար:
«Հանրապետության հրապարակում մարդկանց տարողունակությամբ պայմանավորված նույնական միջոցառումների ավարտից հետո «Սանիթեքը» սովորաբար մոտ 7-8 տոննա աղբ է հավաքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Սանիթեքը» հորդորում է մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ուշադիր և հոգատար լինել քաղաքի հանդեպ և բազմամարդ միջոցառումների ընթացքում աղբը թափել մոտակա աղբամանների մեջ:
Համոզված ենք՝ մայրաքաղաքի բնակիչներն էլ հստակ հորդորներ ունեն ընկերությանը։
Մասնավորապես՝ Panorama.am-ը հույս ունի, որ այս միջոցառումների շրջանակում գոնե կմաքրվեն և կլվացվեն Մաշտոցի գետնանցումները, քանի որ քաղաքապետարանը միայն իր «ձեռքերն է լվացել».
«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ Չարենցի թանգարանի հարակից տարածքում գտնվող Մաշտոցի պողոտայի գետնանցման սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներն իրականացվում է «Սանիթեք» ընկերության կողմից՝ ամենօրյա հաճախականությամբ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին