«Brexit»-ի հետևանքները ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար
Մեծ Բրիտանիայում հինգշաբթի` հունիսի 23-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով` 51,9% կողմ և 48,1% դեմ ձայների հարաբերակցությամբ բրիտանացիների մեծամասնությունը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալուն:
Պետք է նկատել, որ բրիտանական օրենսդրությամբ` անցկացված հանրաքվեն պարտադիր ուժ չունի, և որպեսզի Միացյալ Թագավորությունը դուրս գա ԵՄ կազմից, անհրաժեշտ է, որ խորհրդարանն ընդունի համապատասխան օրենք։
«Britain exit»` Brexit-ի ջատագով եվրասկեպտիկների դիրքորոշման հիմնավորման մեխը միգրանտների հոսքի դեմ պայքարելու անհրաժեշտությունն է: 1991թ-ից հետո միգրանտների հոսքը դեպի ՄԲ ավելացել է գրեթե 2 անգամ: Ներկայում այս երկիրն օրական 500 միգրանտ է ընդունում, ինչը բնակչության շրջանում խիստ դժգոհություն է բորբոքել ԵՄ-ի վարած միգրացիոն քաղաքականության նկատմամբ: Քանի որ միգրանտներն ազատ են ԵՄ տարածքում նոր բնակության վայր փնտրելու հարցում` եվրասկեպտիկները հիմնավորում են, որ ԵՄ-ից դուրս գալը միակ ճիշտ ճանապարհն է միգրացիոն հոսքերի դեմն առնելու համար:
Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է այս տարվա հոկտեմբերին հրաժարական տալու մասին, մշտապես դեմ է արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն: Այս դիրքորոշումը վարչապետը մեկնաբանում է տնտեսական աղետների անխուսափելիությամբ այն պարագայում, եթե Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ ԵՄ-ից:
Քեմերոնի հիմնավորման իրավացիության առաջին նշաններն ի հայտ եկան հենց հանրաքվեի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Ուրբաթ` հունիսի 24-ին բրիտանական ֆունտի փոխարժեքը դոլարի նկատմամբ ընկել է 10%-ով, ինչը վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ արժեզրկումն է:
Միևնույն ժամանակ եվրոն արժեզրկվել է 3%-ով: Միջազգային բորսաների տվյալներով` ԵՄ անդամ երկրների կենտրոնական բանկերը հանրաքվեի արդյունքներից հետո շոկի են ենթարկվել և ներկայումս գործում են անորոշության պայմաններում:
Գերմանական ֆոնդային բորսաները բացվելուց հետո ընկել են ավելի քան 10%` DAX-ը բացվել է 9,94% անկումով: Ֆրանսիական CAC ֆոնդային ինդեքսն ընկել է 9,63%-ով: Բրիտանական FTSE ինդեքսն արժեզրկվել է 7,4%-ով: Միևնույն ժամանակ անկում է գրանցվել նաև նավթի միջազգային շուկաներում: Մասնավորապես` Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն ընկել է 3%-ով և կազմել է 49,35 դոլար:
Brexit-ի դեմ հանդես եկողների առանցքային հիմնավորումը մշտապես եղել է տնտեսական գործոնը` Մեծ Բրիտանիայի արտահանման ավելի քան 45%-ը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Մեծ Բրիտանիայի դուրս գալն ըստ հաշվարկների` հնարավոր է կիսով չափ կրճատի օտարերկրյա ներդրումները, ֆինանսական շուկաների համալրումն օտարերկրյա կապիտալով:
Գոռ Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին