Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Հռոմի Պապին. Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան
«Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր Միածնաէջ այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղոթքով ողջունում ենք Ձերդ Սրբությանը և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը: Խորապես զգացված ենք, որ մեր հրավերին ընդառաջ՝ այցելեցիք Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,- Մայր տաճարում «Հրաշափառի» բարիգալստյան արարողության ընթացքում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ուղղված իր ողջույնի խոսքում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Գարեգին Երկրորդն իր խոսքում նշեց. «Հինավուրց այս տաճարը Աստծո հետ մեր ժողովրդի կնքած սրբազան ուխտի խորախորհուրդ վկայությունն է: Նվիրական այս սրբավայրում իջավ Հիսուս Քրիստոս և Իր Սուրբ Աջով հաստատեց Սուրբ Էջմիածինը՝ սրբություն սրբոցը համայն հայության: Աստվածային նախախնամությամբ հայոց երկրորդ Լուսավորիչ, առաքելապատիվ սուրբ Գրիգոր հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով նորոգվեցին սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ մեր ժողովրդի սրտում վառված հավատքի կանթեղները: Այդ օրից ի վեր Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միավորում է մեր ժողովրդին տապանակիր Արարատի շուրջ սփռված իր հայրենիքով, իր սրբություններով, իր պատմությամբ:
Անչափ ուրախ ենք, որ այսօր միածնաէջ այս սուրբ տաճարում ի փառս Աստծո միավորվում են սուրբ Պետրոս, սուրբ Թադեոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալների Աթոռների գահակալներիս աղոթքները՝ հայցելով մեր հավատացելոց և ողջ աշխարհի համար խաղաղություն, սիրո ու եղբայրության ամուր ոգի և համագործակցության արգասավորում:
Այս պահին ջերմ զգացումներով ենք հիշում 2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցը Հայաստան: Այն սուրբ Պետրոսի Աթոռի Գահակալի առաջին այցելությունն էր մեր երկիր, որը մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերություններում գործակցության նոր խթան հանդիսացավ: Մեր Եկեղեցիների հարաբերությունների առավել սերտացման գործում նշանակալի ավանդ եք բերել նաև Դուք՝ Ձեր ծառայագործության հանգրվաններում առանձնակի ջերմություն դրսևորելով Հայ Եկեղեցու և մեր ժողովրդի նկատմամբ: Ձերդ Սրբության այցելությունը նոր վկայություն է մեր Եկեղեցիների եղբայրության և գործակցության, որը երկուստեք զորացնում է հայ առաքելական ու կաթոլիկ հավատացյալներին, տոգորում լավատեսությամբ, որ մեր կյանքում առավել զգալի պիտի լինեն քրիստոնեական սիրով շաղախյալ մեր հավատքի վկայությունները:
Մեր ժողովրդի զավակները երախտագիտությամբ են հիշում Սուրբ Պետրոս Մայր Տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Ձեր հանդիսավոր պատարագը՝ Ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառով: Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր այստեղ Ձերդ Սրբության, Կաթոլիկ Եկեղեցու զավակների, Ձեր այցի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ հայորդյաց ու հայրենաբնակ մեր ժողովրդի հետ միասնաբար կարող ենք աղոթել և հայցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը, որոնց արյան վկայությունը ոչ միայն հայոց, այլ նաև քրիստոնեական ընդհանուր հավատքի հաղթանակի հավաստիքն է: Ինչպես առաքյալն է ասում՝ շատերի գոհությամբ առատացած շնորհն ավելանում է ի փառս Աստծո:
Հայոց ցեղասպանության և խորհրդային աստվածմերժության տարիների ավերներից հետո այսօր հայրենի անկախ պետականության պայմաններում մեր եկեղեցին հոգևոր նոր զարթոնք է ապրում՝ ազատորեն իրականացնելով տերունավանդ իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Մեր եկեղեցին նաև առավել մասնակցություն է բերում համաքրիստոնեական կյանքին՝ խորին համոզումով, որ աշխարհում առկա հոգևոր, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ճգնաժամերի խորացման այս ժամանակաշրջանում առավել քան կարևորվում է քույր եկեղեցիների միասնական աղոթքն ու գործակցությունը հանուն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արգասավորման, աշխարհում հոգևոր-բարոյական արժեքների պահպանման ու արժևորման, մերձավորի հանդեպ սիրո զորացման, որոնցով կյանքում կարող են մարմնավորվել ապահովության և բարօրության իրական արդյունքները:
Աղոթք ենք բարձրացնում Քրիստոսի սուրբ եկեղեցու հաստատունության և պայծառության, մեր Տիրոջ պարգևած սիրո ու հաճության ոգու տարածման և աշխարհում խաղաղության ու համերաշխ կյանքի ամրապնդման համար: Հայցում ենք Ձերդ Սրբությանը Տիրոջ զորակցությունը և մաղթում ընդ երկայն աւուրս քաջառողջ, արդյունազարդ գահակալություն՝ ի պայծառություն Հռոմեական կաթոլիկ եկեղեցու և ի մխիթարություն հավատացելոց:
Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը թող լինեն մեզ հետ և ամենքի. ամեն»: