Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպումը
Այսօր երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, որին ներկա են եղել Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, Հայաստանից և Սփյուռքից ժամանած թեմակալ առաջնորդներ և առաջնորդական տեղապահներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակագից:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը բարի գալուստ է մաղթել Հռոմի Սրբազան Քահանայապետին աստվածաշնչյան Հայոց երկիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները փոխանցելով նաև պատվիրակության անդամներին:
«Այսօր ուրախություն է մեր տանը և մեր հոգիներում, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել սիրեցյալ մեր եղբայրը, որի հանդեպ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի հայ ժողովուրդը: Դրա վառ վկայություն է նաև մեր աշխարհասփյուռ թեմերի բաձրաստիճան հոգևորականների ներկայությունը, ովքեր եկել են իրենց համայնքների հավատացյալների հետ: Ձեր այցը մեր ժողովուրդը դիտարկում է որպես առիթ և հնարավորություն իր երախտագիտության զգացումներն արտահայտելու մեր ժողովրդի, Հայ Եկեղեցու և պետության նկատմամբ Ձեր ջերմ վերաբերմունքի համար: Մենք այս նվիրական սրբավայրում մեր աղոթքն ենք բարձացնում դեպի երկինք` հայցելով, որ Տերը Ձեզ քաջառողջ երկար տարիներ պարգևի` առաջնորդելու համար Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին, Քույր Եկեղեցիների հոգևոր առաջնորդների և հավատացյալների հետ իրականացնելու և արդյունավորելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությունը` ի սեր առավել բարօր ու խաղաղ աշխարհի և մարդկության երջանկաբեր կյանքի»,- նշել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Իր հերթին Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը եղբայրական սիրո և ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ` շեշտելով, որ Ս. Էջմիածնում ինքն իրեն զգում է ինչպես տանը: Գարեգին Բ Վեհափառի խոսքում կարևորելով միասնական աղոթքն ու խաղաղությունը` Հռոմի Սրբազան Քահանայապետը հավելել է, որ իբրև Եկեղեցիներ` կոչված են այդ խաղաղության քարոզիչները լինելու:
Հավարտ հանդիպման տեղի է ունեցել երկու Եկեղեցիների պատվիրակությունների փոխադարձ ներկայացում և կատարվեց նվերների փոխանակում:
Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետին ընծայել է Ս. Պատարագի սկիհ, որի երկու կողմերում պատկերված են Վատիկանի Ս. Պետրոսի Տաճարն ու Ս. Էջմիածնի Մայր Տաճարը, երկու Եկեղեցիների հիմնադիր սուրբ առաքյալները: Նորին Սրբությունը Սրբազան Քահանայապետին նվիրել է նաև նաև Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկեր և Ֆրանցիսկոս Պապի դիմապատկերի մանրաքանդակ: Իսկ Հռոմի Պապը Վեհափառ Հայրապետին նվիրել է Ս. Աստվածածնի խճանկար:
Վերջում Ֆրանցիսկոս Պապն արձանագրություն է թողել Վեհարանի Հիշողությունների մատյանում:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու Հովվապետերի առանձնազրույցը:
Հարակից հրապարակումներ`
- Պապին խոշորացույց է պետք ՝ Կաթողիկոսի նվերը տեսնելու համար
- Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն. Պատրաստ եղեք անակնկալների
- Հռոմի Պապը հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին
- Հռոմի պապ. «Այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետ է»
- Հռոմի Պապ. Աստված օրհնի և պահպանի Հայաստանը
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Հռոմի Պապին. Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին