Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին
18։20
Մենք երախտապարտ ենք մեր հրավերն ընդունելու և առաջին քրիստոնյա երկիր գալու, մեր ժողովրդին օրհնություն բերելու համար,- ՀՀ նախագահի նստավայրում ընդունելով Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին՝ ասաց նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ուրախ ենք, որ հաջորդ տարի նշելու ենք Հայաստան-Վատիկան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, հաստատելու ենք, որ այդ տարիների ընթացքում մեզ համար մեծ, պատմական իրադարձություններ են եղել, նկատի ունեմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցելությունը Հայաստան, Հայաստանի առաջին եպիսկոպոսապես Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը Սուրբ Պետրոսի տաճարի արտաքին որմնախորշում և հրապարակի անվանումը:
Անշուշտ նկատի ունեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և Ձեր կողմից մատուցված պատարագը: Մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունի մեր ազգի լուսավոր զավակներից մեկի՝ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ»-ի կոչում շնորհելը»,-ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Այնուհետ տեղի ունեցավ Հռոմի Պապի և ՀՀ նախագահի առանձնազրույցը, որից հետո՝ նվերների փոխանակում:
ՀՀ Նախագահը Հռոմի Պապին նվիրել է «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանիկը:
Նախագահի նստավայրում Սրբազան Քահանայապետի այցի ժամանակ մարվել և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ են դրվել «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ, որոնք ձևավավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ: Հանրապետության Նախագահը դրանք ևս նվիրել է Ֆրանցիսկոս Պապին:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է Հայաստանի Հանրապետություն իր այցի առիթով հատուկ պատրաստված հուշամեդալի մայր օրինակը:
17։52
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը ժամանեց Երևան: ՀՀ նախագահական նստավայրի մուտքի մոտ Սրբազան Քահանայապետին դիմավորեց նախագահ Սերժ Սարգսյանը և առաջնորդեց ընդունելության դահլիճ:
Այնտեղ տեղի կունենա Սերժ Սարգսյանի և Պապի առաձնազրույցը: Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Նախագահն ու Հռոմի պապը այնուհետև հանդես կգան ելույթներուվ:
Նախագահական նստավայրից Հռոմի պապը կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ առանձնազրույց կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, որով էլ կավարտվի Սրբազան Քահանայապետի Հայաստան այցելության առաջին օրվա ծրագիրը:
Հռոմի պապի կեցավայրը Հայաստանում լինելու է Մայր Աթոռը:
15։49
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է: Տրդատ կամարի մոտից հոգևորականների հանդիսավոր թափորը, բազաթիվ ուխտավորներ դիմավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Հռոմի պապին: Տեղի ունեցավ Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Այնուհետև հովվապետերը շարժվեցին դեպի Մայր տաճար: Մոտեցան իջման սուրբ սեղանին, համբուրեցին Ավետարանն ու Սուրբ խաչը:
Գարեգին Երկրորդն ու Հռոմի պապը բարձրացան սուրբ խորան: Նրանք ողջույնի խոսքեր են ասելու (1, 2):
15։23
«Զվարթնոց» օդանավակայանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը ներկայացավ տեղական պատվիրակություններին՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ:
Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասում են Հռոմի պապին, որտեղ կկատարվի բարեգալստյան արարողություն և աղոթք՝ հայ առաքելական և կաթողիկե եպիսկոպոսների մասնակցությամբ:
14։ 59
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն արդեն Հայաստանում է: «Զվարթնոց» օդանավակայանում Պապին դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Դիմավորման պետական արարողակարգով նախատեսված ընդունելության կարգից բացի՝ քայլերգի կատարում, զինվորական պատիվ, Սրբազան Քահանայապետին դիմավորեց մանկական երգչախումբը: Մանուկները Պապին մատուցեցին հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ:
Օդանավակայանից Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, որտեղ տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Այնուհետև նախագահական նստավայրում տեղի կունենա նախագահ Սերժ Սարգսյանի և Պապի առաձնազրույցը, որից հետո հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով Հայաստանի պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, հանրությանը: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
14։55
Հռոմի Պապի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» Միջազգային օդանավակայանում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան ուղիղ եթերով հեռարձակվում է յութուբ տեսահոսթինգով:
Հեռարձակումը երեք լեզուներով է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից, «Ֆոտոլուրի», Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի։
Ծանոթություն՝ ժամանակագրությունը հրապարակումների ժամերն են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան