ԵԽԽՎ-ում ընդունվել է ատելության ելույթների դեմ պայքարելու բանաձևի առաջարկություն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ընդունվել է բանաձևի առաջարկություն՝ «Ատելության ելույթների աճը և քաղաքական ղեկավարների դերը ատելության հանցագործությունների դեմ պայքարում» վերնագրով։
Բանաձևի առաջարկությունը նախաձեռնել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը՝ ի դեմս Սամվել Ֆարմանյանի՝ հայտնում է panorama.am-ի թղթակիցը։
Բանաձևի առաջարկության տեքստում ասվում է, որ Եվրոպան կանգնած է ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության աննախադեպ աճի առաջ, որոնք լարվածություն են առաջացնում հասարակություններում։
Նշվում է, որ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ այս ժանտախտի նկատմամբ անուշադրությունը բացասաբար է անդրադառնում հասարակությունների ամբողջականության վրա, սպառնում է մարդու հիմնարար իրավունքներին և ծնում է ավտորիտար ռեժիմներ։
«Եվրոպայի խորհրդի հիմնական խնդիրն է պաշտպանել մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, խթանել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը։ ԵԽ անդամ երկրների ղեկավարները պետք է քաղաքական կամք ունենան և գործեն համարժեք՝ պայքարելու անհանդուժողականության դեմ, ինչպես նաև ժողովրդավարությունը համախմբվածությունը և բազմակարծությունը խարխլող գաղափարների ու պրակտիկայի դեմ։ Առաջնորդները պետք է խուսափեն վտանգավոր հռետորաբանությունից՝ կարճաժամկետ իրենց ընտրազանգվածին գրավելու համար, որը կարող է բաժանել հասարակություններին երկարաժամկետ հեռանկարում։ Եվրոպային անհրաժեշտ եղավ տասնամյակներ, որպեսզի կարողանա հաղթահարել այլատյաց ու անհանդուժող քաղաքական գործիչների պատճառած վնասները»,-ասվում է բանաձևի առաջարկության տեքստում։
Նշվում է, որ Եվրոպայի խորհրդի «Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի» (ECRI) վերջին զեկույցները ցույց տվեցին ատելության քաղաքականության, ատելության ելույթների ու անհանդուժողականության տագնապալի աճը, որոնք շատ դեպքերում հովանավորվում կամ աջակցություն են ստանում իշխանությունների կողմից ու գործնականում իրականացվում են լրատվամիջոցների ու կրթական հաստատությունների կողմից։
«Խորհրդարանական վեհաժողովն իր խորին մտահոգությունն է արտահայտում այս դեպքերի հետ կապված և ընդգծում, որ քաղաքական առաջնորները պետք է համախմբեն հասարակություններին, այլ ոչ թե տարածեն ատելություն, անհանդուժողականություն և բաժանարար գծեր։ Երկարաժամկետ հեռանկարում այս միտումը լուրջ սպառնալիք է Եվրոպայի համար»,-նշում է տեքստում։
ԵԽԽՎ-ն, ելնելով այս ամենից, ԵԽ անդամ երկրների հասարակական գործիչներին ու քաղաքական առաջնորդներին կոչ է անում ձեռնպահ մնալ ատելության ելույթներից և ստեղծել համապատասխան պայմաններ՝ բազմազան ու անկախ քաղաքացիական հասարակության ստեղծման համար, պայքարել ատելության ելույթների դեմ, որոնք թիրախավորում են էթնիկ, կրոնական և մյուս խոցելի խմբերին, վերջ դնել ատելության ելույթներին քաղաքական ու սոցիալական կյանքում։
Այս բանաձևի առաջարկության անհրաժեշտությունն, ըստ էության, առաջացել էր Ադրբեջանի վերաբերյալ ECRI-ի զեկույցի հրապարակումից հետո, որում գերակա տեղ էր զբաղեցնում հայատյացությունը։ Ինչպես ասվում էր զեկույցում՝ քաղաքական ղեկավարները, կրթական հաստատությունները, ինչպես նաև լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելություն քարոզել։
ECRI-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է գործողություններ ձեռնարկել, որպեսզի պետական պաշտոնյաները զերծ մնան հայերի նկատմամբ ատելության ելույթներից և ստեղծեն համապատասխան պայմաններ՝ բազմազան և անկախ քաղաքացիական հասարակության ձևավորման համար։
Նշենք, որ բանաձևի առաջարկությունները քննարկվում են ԵԽԽՎ Բյուրոյում և որոշվում է դրանց հետագա կարգավիճակը․ այն կարող է ընդունվել որպես ի գիտություն, կամ կարող է ուղարկվել զեկույցի պատրաստման։