Արթիկիում սելավաջրերից արտակարգ իրավիճակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ հունիսի 24-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հինգ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից:
Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ:
Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սարից իջնող ջրերը դուրս են եկել սելավատար խողովակներից և լցվել քաղաք, ինչի հետևանքով սելավաջրերը մեծ վնաս են հասցրել քաղաքին:
«Փառք Աստծո, որ մարդիկ չեն վնասվել, հնարավոր եղավ շատ արագ մանկապարտեզից տարհանել երեխաներին»,- ասաց նա՝ հավելելով, որ վնասվել են բազմաթիվ շենք-շինություններ, այդ թվում՝ մանկապարտեզն ու դպրոցը, Արթիկի ծննդատան շենքը, մասնավոր տներ, այգիներ:
«Ընդհանուր առմամբ՝ քաղաքը բավականին մեծ վնասներ է կրել»,- նշեց Արթիկի քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան