Քաղաքագետ. Սանկտ Պետերբուրգի հայտարարությունը թույլ չի տալիս հստակ խոսել, թե ինչ դիտորդների մասին է խոսքը
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «… նրանք համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը»:
Ի՞նչ դիտորդների մասին է խոսքը, ո՞ւմ առաջարկով է դիտորդների մասին հարցը քննարկվել, մտավախություն չկա՞, որ դիտորդները կարող են ժամանակի ընթացքում վերածվել խաղաղապահ առաքելություն իրականցնողների:
Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ:
Panorama.am- Ի՞նչ դիտորդների մասին է խոսքը:
Մինասյան- Քանի որ այս դեկլարացիայում որևէ ձևով չի նշվում, թե կոնկրետ ի՞նչ դիտորդներ են, արդյո՞ք այդ դիտորդները կապ ունեն ԵԱՀԿ անձնական ներկայացոիցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության հետ, և այլն, ապա ես դժվարանում եմ Սանկտ Պետերբուգի հայտարարության հիման վրա ասել, թե դա ինչ նշանակության կարող է ունենալ:
Միգուցե ոչ հրապարակային քննարկումներ կամ պայմանավորվածություններ կան, կամ կլինեն հետագա ինչ-որ քննարկումներ, բայց այս ձևակերպումը դեռ հնարավորություն չի տալիս պրակտիկ ձևով դրա մասին խոսել:
Panorama.am- Մտավախություն կա, որ դիտորդները ժամանակի ընթացքում կարող են դառնալ խաղաղապահ առաքելություն իրականացնողներ: Որո՞նք են դիտորդների և խաղաղապահների գործառույթները, նման մտահոգության ու «վտանգի» հիմքեր կա՞ն:
Մինասյան- Չգիտեմ, դա պե՞տք է դիտարկել որպես վտանգ, թե որպես հնարավորություն: Եթե հիմնվում ենք Սանկտ Պետերբուրգի հայտարարության վրա՝ դա չի կարող ինչ-որ նախադրյալներ ստեղծել:
Գլխավոր տարբերությունը հասկանալի է, որ դիտորդները միայն դիտարկում են ու ֆիքսում: Խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը, երբեմն, կախված մանդատից, կարող են նաև արձագանքել հրադադարի կամ խաղաղության պայմանների խախտմանը: Սկզբունքային տարբերությունը դա է: Էլի եմ կրկնում, այս պահին եղած հայտարարությունից դատելով՝ խաղաղապահ միսիայի ձևաչափի վերածվելու վտանգի մասին խոսելը դեռ շուտ է:
Panorama.am- Ի՞նչ եք կարծում, եթե դիտորդների թվաքանակը ավելանա, հնարավո՞ր է հետաքննության մեխանիզմների ներդրման հնարավորությունից հետընթաց կատարվի:
Մինասյան- Այս փուլում այնքան վաղ է խոսել հնարավոր վնասների մասին: Այս հայտարարությունը կարող է վտանգ ստեղծել ընդհանրապես վստահության մեխանիզմների ստեղծման առումով: Այսինքն, ադրբեջանական կողմը կարող է ասել՝ այո, միջազգային դիտորդներ կան: Իրենք միջազգային դիտորդներ ասելով կարող են հասկանալ ՄԱԿ-ի, Եվրախորհուրդի կամ այլ կազմակերպության դիտորդներ, որոնք կապ չունեն ոչ Կասպրշիկի առաքելության, ոչ Վիեննայի պայմանավորվածությունների հետ: Արդյունքում հնարավոր է մի իրավիճակ, երբ այդ մեխանիզմները որևէ ձևով չեն գործելու:
Միգուցե հայկական կողմում կան որոշ հույսեր կամ ինչ-որ ոգևորություն այդ կետի առկայության վերաբերյալ, բայց դա դեռ ոչ մի բան չի նշանակում: Նույն ձևով Սանկտ Պետերբուրգի փաստաթղթի մյուս մասը, որ ինչ-որ վախեր է ստեղծել Հայաստանում, որ իրական բանակցային գործընթացի շուրջ պայմանավորվածություն կա, նույնպես ոչ մի բան չի նշանակում:
Այդ հայտարարությունը հատուկ այն ձևով է արվել, որ այս պահին որևէ լուրջ պայմանավորվածությունների մասին մենք չենք կարող խոսել: Հետևաբար կարելի է հնարավորինս լայն շրջանակներով մեկնաբանել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան