ՌԴ կոշտ արձագանքից հետո Ադրբեջանում ոչ ոք չի կրկնում Մամեդովի ասածը. «Առավոտ»
«Առավոտ»-ն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մահմեդի տարածած ապատեղեկատվությանը, թե, իբր, սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիր փուլային տարբերակով լուծման հարցն ու ներկայացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը, ով Մամեդովի հայտարարությունը «անբարեխիղճ և խեղաթյուրված» է որակել: Թեմայի շուրջ թերթը զրույցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
-Պարոն Մելիք-Շահնազարյան ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս պահվածքը, և արդյոք սա իշխանության հեղինակությունը սեփական ժողովրդի աչքին բարձրացնելու հերթական քա՞յլն էր՝ թեկուզ ապատեղեկատվություն տարածելու գնով:
-Կարծում եմ՝ հիմքում հենց դա էլ ունենք, պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սա առաջին դեպքը չէ, որ բանակցություններից դուրս են գալիս և միանգամից հայտարարություն են անում, որը չի համապատասխանում իրականությանը, և ավելին՝ ճիշտ հակառակ երևույթների մասին են խոսում: Ընդ որում, առաջին դեպքը չէ, որ Նովրուզ Մամեդովն է խոսում այդ մասին: Մինչ եռակողմ հանդիպման սկիզբը Սանկտ-Պետերբուրգում Ի.Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց իրենց բանակցային դիրքորոշումը:
Նա հայտարարեց, որ ստատուս քվոն անընդունելի է, որ բոլորը դրա հետ համաձայն են, և որպեսզի այդ իրավիճակը փոխվի, պետք է հիմա սկսվի դեօկուպացիայի գործընթացը:
Եվ հույս հայտնեց, որ բանակցությունների ընթացքում այդ հարցով ինչ-որ առաջընթաց կլինի: Այնինչ եռակողմ հանդիպումից հետո, երբ տարածվեց 3 նախագահների հայտարարությունը, մենք տեսանք, որ Ադրբեջանի՝ նախապես հայտարարված բանակցային դիրքորոշման մասին որևէ բառ այնտեղ չկար, անգամ ակնարկ չկար նրա մասին, թե ինչ պահանջով է եկել Ալիևը և ինչ արդյունք է ստացել այդ հանդիպումից:
Բնականաբար, Բաքվում պետք է հարցեր առաջանային, թե ինչու այդպես եղավ՝ չէ՞ որ գնացել էիր Ղարաբաղը բերելու, բայց արդյունքում բերեց իր միջազգային դիտորդների թվի ավելացման մասին միայն համաձայնություն: Եվ ակնհայտ է, որ այս խոսակցությունները դադարեցնելու և նախկին իր ռազմատենչ խոստումները ավելի իրական դարձնելու համար որոշվեց նման ապատեղեկատվություն տարածել, որը տարածվեց կիսալեգիտիմ, բայց ոչ ամենաբարձր պատասխանատվության մակարդակի պաշտոնյայի շուրթերով:
Ասեմ, որ Ադրբեջանը բավական դժվար կացության մեջ հայտնվեց, քանի որ եղավ բավականին կոշտ ձևակերպումներով պատասխան՝ դիվանագիտական լեզվի համար գրեթե աննախադեպ որակումներով: Եվ հիմա Ադրբեջանում որևէ մեկը չի պարունակում պնդել այդ հայտարարությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին