ԵԽԽՎ-ում իտալացի պատգամավորը մոտ 2,5մլ եվրո կաշառք է ստացել Ադրբեջանի օգտին գործելու համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողովում Իտալիայի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն Ադրբեջանի կառավարությունից 2մլն 390 հազար եվրո կաշառք է ստացել։ Իտալական Il Fatto Quotidiano-ն գրում է, որ այս բացահայտումն արել է Միլանի դատախազությունը։ Վոլոնտեն այժմ գտնվում է հետաքննության տակ՝ կաշառք վերցնելու և փողերի լվացման մեղադրանքով։
Ինչպես գրում է կայքը՝ այս դատական գործը հասկանալու համար պետք է մի քանի քայլ հետ գնալ։
2013թ․-ի հունվարի 23-ին ԵԽԽՎ-ում քննարկվում էր Ադրբեջանում 85 քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Քրիստոֆ Շտրասերի պատրաստած զեկույցը, որը տապալվեց 128 դեմ, 79 կողմ ձայներով։
Մեղադրական ակտով՝ այս զեկույցով Ադրբեջանի օգտին քվեարկելու համար իտալացի պատգամավորը Ադրբեջանից ստացել է միլիոն դոլար կաշառք՝ «աջակցելու օտար երկրի քաղաքական դիրքորոշմանը»։
Ըստ Միլանի դատախազության, այս գումարը ստացվել է ադրբեջանական Baktelecom հեռահաղորդակցության ընկերությունից։ 2012-ից 2014թթ․-ներին Վոլոնտեի հետ կապված հիմնադրամներին կատարվել է 18 փոխանցումներ։
Կայքը գրում է, որ Վոլոնտեն այս գումարները «ստացել է իր և երրորդ կողմերի համար»՝ ԵԽԽՎ-ում իր գործընկեր, Ադրբեջանի պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովի միջոցով։ Վոլոնտեն Ստրասբուրգում և Ադրբեջանում հանդիպումների ժամանակ պաշտպանել է Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը՝ գումարի դիմաց։ Այդ ժամանակ Վոլոնտեն ԵԽԽՎ-ում Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության ղեկավարն էր, որն էլ դեմ էր Շտրասերի զեկույցին։
Վոլոնտեի կաշառակերության այս գործը լայնորեն լուսաբանում են իտալական մամուլում։ Թեմային անդրադարձել են իտալական հայտնի պարբերականները։
Նշենք, որ Ադրբեջանի համար այս զեկույցի տապալումը մեծ հաղթանակ էր, որից հետո յուրաքանչյուր անգամ, երբ ԵԽԽՎ-ն բարձրաձայնում է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին, Ադրբեջանի պատվիրակության անդամները հիշեցնում են Շտրասերի զեկույցը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ն հաստատել է, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներ չկան։
Բացառություն չի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով 2014թ․-ին, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահության շրջանակներում ԵԽԽՎ-ում ելույթից հետո Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ ուղղված հարցին Ալիևը վստահորեն ասաց, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալ չկա, ինչը հաստատել են ԵԽԽՎ պատգամավորները՝ դեմ քվեարկելով Շտրասերի զեկույցին։
Իսկ թե ինչի դիմաց են դեմ քվեարկել, դա էլ արդեն պարզ է։