Ինչպես էր Հռոմի պապը փորձում կանխել Հայոց ցեղասպանությունը
Գերմանական «Դոմռադիո» համացանցային պարբերականը հրապարակել է «Բենեդիկտ XV-ը և հայերի կոտորածը» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության մանրամասներին և կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ, այդ տարիներին Հռոմի պապ Բենեդիկտոս XV-րդի ջանքերին` «կանխելու աղետը»:
Հոդվածի հեղինակ Թոմաս Յանսենը Հայոց ցեղասպանության օրերում Հռոմի պապի գործադրած ջանքերը վերագնահատելու անհրաժեշտությունը կարևորել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարած այցելության համատեքստում:
Ըստ հոդվածի` Վատիկանի կողմից գաղտնազերծված և հայկական կողմին փոխանցված արխիվային փաստաթղթերն ուսումնասիրած դյուսելդորֆցի պատմաբան Մայքլ Հեսմանի գնահատականներով` Բենեդիկտոս XV պապն առաջին քայլերն արել է 1915թ-ի սեպտեմբերին: Ուսումնասիրությունների համաձայն` Հռոմի պապը հայերի կոտորածների մասին հայտնել է տարածաշրջանի կրոնական առաջնորդներին, Գերմանական կայսրության Ռեյխսթագի պատգամավորներին, ինչպես նաև` Իտալիայի արտաքին գործերի նախարարին:
Սուլթան Մեհմեդ V-ին ուղղված իր նամակում Հռոմի պապը խնդրել է «գթասիրտ լինել ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովրդի նկատմամբ»: Ավելի ուշ սուլթանը Հռոմի պապին պատասխանել է, որ իբրև հայերի վիճակը կայսրությունում համեմատաբար ավելի բարվոք է դարձել: Ըստ գերմանացի պատմաբանի` այդ պատասխանը չափազանց ցինիկ էր, քանի որ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում այնքան քիչ հայ էր մնացել, որ այլևս ոչ մի կարիք չկար նրանց դեմ որևէ գործողություն իրականացնելու:
1918թ-ին ևս Հռոմի պապը նամակով դիմել է Գերմանիայի այդ ժամանակվա կանցլեր Գեորգ Գրաֆ ֆոֆ Հերթլինգին` խնդրելով ազդել թուրքական իշխանությունների վրա, որպեսզի նրանք փոխեն իրեն վերաբերմունքը հայերի նկատմամբ: Այս նամակին կանցլերը պատասխանել է, որ իրենք համոզել են թուրքերին` «ավելի մեղմ դիրքորոշում որդեգրել հայերի հանդեպ»:
Հոդվածի հեղինակը միևնույն ժամանակ նկատում է, որ Կայզերական Գերմանիայի ջանքերն ուշացած էին: