Թուրքական մամուլի անդրադարձը Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին
Միջազգային տարբեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցը: Բավական ակտիվ այցին անդրադարձել են նաև թուրքական ԶԼՄ-ները: Թուրքական մամուլը հիմնականում նշել է Հռոմի պապի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանին հղված բարեմաղթանքի, իր ելույթում ցեղասպանություն եզրույթի կիրառման, ինչպես նաև հիշեցրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նրա կողմից ցեղասպանություն բառի կիրառման մասին:
Թուրքական մամուլը հիշեցնում է նաև նախորդ տարի Պապի կողմից ցեղասպանություն բառի կիրառման պատճառով Թուրքիայի և Վատիկանի միջև սկիզբ առած դիվանագիտական ճգնաժամի մասին:
Թուրքական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են հատկապես ՀՀ նախագահի նստավայրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի ելույթի շեշտադրումներին և ցեղասպանություն որակմանը: Թուրքական մամուլն ընդգծում է, որ Պապը Հայաստանում կրկին արտասանեց ցեղասպանություն բառը և տեր կանգնեց «հայկական պնդումներին»:
Sabah պարբերականը Պապի ելույթը որակել է որպես սկանդալային` շեշտելով այն հանգամանքը, որ չնայած ելույթի տեքստում չի եղել ցեղասպանություն բառը, այդուհանդերձ, նա 1915թ. իրադարձությունները բնութագրել է որպես ցեղասպանություն:
Hürriyet թերթն ընդգծել է, որ Հռոմի պապի ելույթի տեքստում, ինչպես նաև այցից առաջ հայ ժողովրդին հղված տեսաուղերձում բացակայել է ցեղասպանություն եզրույթը, սակայն ելույթի ժամանակ շեղվել է տեքստից և արտաբերել ցեղասպանություն բառը: Թերթը անդրադարձել է նաև այցից առաջ Վատիկանի մամուլի խոսնակ Ֆ. Լոմբարդիի` ասուլիսի ժամանակ հնչեցրած խոսքերին, թե «ցեղասպանություն բառի պատճառով չեն ցանկանում ընկնել հասարակական-քաղաքական ծուղակի մեջ», ինչն էլ մեկնաբանվել էր, որ Թուրքիայի հետ ևս մեկ ճգնաժամ չցանկանալու համար Ֆրանցիսկոս պապը չի արտասանելու ցեղասպանություն բառը:
Sondakika լրատվական կայքը ընդգծել է, որ նախօրոք պատրաստված ելույթի տեքստից Ֆրանցիսկոս պապը հանել էր ցեղասպանություն բառը, սակայն Մեծ եղեռ արտահայտության կիրառությունից հետո իր ելույթում ավելացրել ցեղասպանություն բառը:
Yeni Şafak պարբերականն իր հոդվածում գրել է ելույթի բնագրից դուրս ցեղասպանություն եզրույթի կիրառման մասին և շեշտել նախորդ տարի նույն պատճառով Թուրքիայի և Վատիկանի հարաբերություններում առաջած դիվանագիտական ճգնաժամի մասին, որը միայն վերջերս էր կարգավորվել:
Sabah, Milliyet և մի շարք այլ լրատվամիջոցներ նշել են, որ Հայաստան այցելելիս Թուրքիայի օդային տարածքում գտնվելու ժամանակ Հռոմի պապը բարեմաղթանքներ է հղել Թուրքիայի ժողովրդին և Թուրքիայի նախագահին:
Հարակից հրապարակումներ`
- Արաբական ԶԼՄ-ների արձագանքը Հռոմի Պապի՝ հայաստանյան այցին
- Իրանական ԶԼՄ-ների արձագանքը Հռոմի Պապի՝ հայաստանյան այցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին