«Այս օրերին գրվում են մեր պատմության ոսկետառ էջեր». Միքայել Մինասյանը՝ Հռոմի պապի այցի մասին. Aysor.am
«2015թ. ապրիլի 12- ին հինավուրց ժողովրդի պատմության փայլուն էջ գրվեց, 2016 թվականի հունիսի 24-26-ին էլի գրվում են ոսկետառ էջեր»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:
Անդրադառնալով 2015թ.-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի մատուցած պատարագին՝ դեսպան Մինասյանը նշեց. «Հարյուրամյակներ անց էլ հայ փոքրիկները կսերտեն իրենց ժողովրդի հազարամյա պատմության էջերը, կկարդան 2015 թվականի ապրիլի 12-ի մասին, Ֆրանցիսկոս պապի մասին և այդ անունը իրենց սրտերում կգրեն, ինչպես մենք ենք արել այսօր: Արարատին նայելիս գալիք սերունդները կշարունակեն տեսնել Խոր Վիրապը, կշարունակեն խոնարհվել Գրիգոր Լուսավորչի բերած լույսի առաջ և մտովի կպատկերացնեն Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ձեռամբ թռած աղավնիները, կհիշեն Նոյի՝ կյանք բերող աղավնիներին ու կշարունակեն մեր ժողովրդի պատմությունն այնպես, ինչպես ժառանգություն են ստացել հազարամյակների խորքից»:
Հունիսի 24-ին «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո մեկնարկեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եռօրյա պատմական այցը Հայաստան: Այցելության հենց առաջին օրը ՀՀ նախագահի նստավայրում ունեցած իր ելույթում Սրբազան Քահանայապետը վերահաստատեց Հայոց ցեղասպանության մասին իր դիրքորոշումը. «Այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետն է, որն իրականցվել է ռասայական գաղափարախոսական կամ կրոնական մոտիվներով. դահիճի արարք, որի վերջնական նպատակը մի ամբողջ ազգ ոչնչացումն էր»,-ասաց Քահանայապետը: Այսօր առավոտյան Հռոմի պապն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որից հետո պատարագ մատուցեց Գյումրիի Վարդանանց հրապարակում:
Վաղը՝ հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կմատուցվի պատարագ, որից հետո Հռոմի պապն ու Գարեգին Երկրորդը կմեկնեն Խոր Վիրապ, կաղոթեն միասին և աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան