Արաբական ԶԼՄ-ների արձագանքը Հռոմի Պապի՝ հայաստանյան այցին
Արաբական ԶԼՄ-ներն ակտիվորեն անդրադարձել են Հռոմի Պապի Հայաստան կատարած այցելությանը, որտեղ առավել ակտիվ են եղել հատկապես լիբանանյան, եգիպտական և սիրիական լրատվամիջոցները:
Արաբական լրատվամիջոցները իրենց տեղեկատվություններում ոչ միայն անդրադարձել են Հռոմի Պապի Հայաստան կատարած այցելության մանրամասներին, այլև Հռոմի Սրբազան Քահանայապետի հնչեցրած հայտարարություններին:
Մասնավորապես «Ալ-Նաշրա» լիբանանյան համացանցային ռեսուրսում տեղ գտած նյութում խոսվել է այն մասին, որ Հռոմի Պապի այցելությունը Հայաստան տևելու է 3 օր: Ֆրանցիսկոս Պապն աղոթելու է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Լիբանանյան կայքէջում զետեղված նյութում նշվել է նաև, որ Հռոմի Պապը Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի կոտորածը որակել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» :
Եգիպտական հեղինակավոր «Յոմ ալ-Սաբիա» համացանցային ռեսուրսի հրապարակած նյութում ոչ միայն նշվել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 1915 թ. հայերի զանգվածային ջարդերը որակել է ցեղասպանություն, այլև, որ ցեղասպանություն եզրույթը Հռոմի Պապի կողմից կիրառվել է երկրորդ անգամ, որը Թուրքիան անընդունելի է համարում:
Սիրիական «Սանա» լրատվական գործակալության կողմից հրապարակված նյութում մեջբերվել է Ֆրանցիսկոս Պապի խոսքերն առ այն, որ հայ ժողովուրդը իր պատմության ողբերգական փուլերում կարողանում է գտնել առաջ շարժվելու համար անհրաժեշտ ներուժ:
Մի շարք արաբական կայքէջեր, մասնավորապես «Ալ-Նահար», «Ալ-Դիյար», «Ալ-Կալիմա» համացանցային ռեսուրսները հետևյալ գլխագրով են հանդես եկել` «Հռոմի Պապը դատապարտում է հայերի ցեղասպանությունը Հայաստանի նախագահի առաջ»: