Կարճաղբյուրում ջրհեղեղից լուրջ վնասվել են բազմաթիվ տնտեսություններ ու ենթակառուցվածքներ
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում հունիսի 24-ի տեղացած հորդ կարկտից և անձրևից առաջացած ջրհեղեղը լուրջ վնասներ է պատճառել գյուղի երեք թաղամասերի վեց տասնյակին մոտ տնտեսություններին և ենթակառուցվածքներին:
Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից, ջրհեղեղն առաջացել է գյուղի հարավային հատվածում` ողողելով գյուղամիջյան ճանապարհները, ցանքերը, տնամերձ հողամասերը, տնտեսությունների անասնագոմերը, նկուղները, հացատները, վնասելով խմելու և ոռոգման ջրատարները: Գրանցվել է նաև ընտանի կենդանիների անկման և անասնագոմերի պատերի կամ առաստաղների փլուզման դեպքեր:
Գյուղամերձ ցանքերում կուտակված կարկտի շերտը կազմել է մոտ 30 սանտիմետր, որի հալոցքը ևս նպաստել է հեղեղի առաջացմանը: «Հորդառատ կարկուտն ու անձրևը տևեցին մոտ քառասուն րոպե, որից հետո մոտ մեկ ժամ տևողությամբ, մոտ մեկ մետր բարձրությամբ հեղեղը ավերածություններ էր գործում գյուղի երեք թաղամասերով մեկ:Որևէ կերպ կանգնեցնել հեղեղի թափն անհնար էր:ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները պոմպերի միջոցով դուրս են մղում բնակարանների նկուղներում կուտակված մեծածավալ ջրերը, մարդիկ դույլերով դուրս են մղում անասնագոմերում կուտակված ջուրն ու տիղմը: Գյուղը ժամերով մնացել է հոսանքազրկված, ճանապարհները դարձել են անանցանելի»,- նշել է Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը:
Ճանապարհների հատվածներում և տնամերձ հողամասերի կարտոֆիլի ցանքերում հեղեղն առատ տիղմ ու քարեր է կուտակել, իսկ առանձին տեղերում էլ խոր խանդակներ առաջացրել: Մարդիկ մեկ ժամ տևած աղետից հետո ներկայացրել են բնության տարերքի պատճառած վախի տպավորությունները:
«Ես մեր նկուղային հարկում էի, հացի սեղանի մոտ, որտեղ հաց ենք ուտում ընտանիքով: Հանկարծ հեղեղը թափով լցվեց ներս, ինձ քշեց իմ նստած տեղից: Աղջիկս իրեն դրսից նետեց ներս, ինձ մի կերպ դուրս բերեց փորձանքից»,-պատմել է ութսունութամյա Գեղեցիկ Աղաջանյանը:
«Հեղեղը լցվեց բակ, դեմը չկարողացանք փակել, ապա միանգամից մտավ անասնագոմ, որի տանիքը գետնին հավասար է:Առաստաղը ջրի ծանրությունից փլվեց, հորթին մի կերպ կենդանի դուրս հանեցինք փլվածքի տակից»,-պատմել է Բավական Առաքելյանը:
Փլվել է նաև Հասմիկ Խուրշուդյանի գոմի պատը և առաստաղը:
«Վնասների չափերը կճշտվի համապատասխան հանձնաժողովների կողմից, բայց նախնական տվյալներն արդեն տալիս են աղետի հասցրած վնասների մոտավոր պատկերը: Վերականգնման են ենթակա խմելու և ոռոգման ջրատարները, ճանապարհները, փլված շինությունները, փոխհատուցման ենթակա` վնասված ցանքատարածությունները, ինչը վեր է տեղական բյուջեի հնարավորություններից: Տուժածների մեջ կան նաև պայմանագրային և ժամկետային զինծառայողների ընտանիքներ»,- ներկայացրել է համայնքի ղեկավարը:
Վնասների հնարավոր չափերը ճշտվում են:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերել են Ողջի գետն ընկած երեխայի դին
- Փրկարարները փնտրում են Ողջի գետն ընկած երեխային
- Սողանք՝ Շահումյան գյուղում
- Կարճաղբյուր գյուղում 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ
- Արթիկիում սելավաջրերից արտակարգ իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան