Բրայան Դանսթոն. «Հայ բասկետբոլիստներն ինձ հաճելիորեն զարմացրին»
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Երևանում նախապատրաստվում է Փոքր երկրների Եվրպայի առաջնությանը: Ըստ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) կանոնանկարգի, ազգային հավաքականները կարող են համալրվել մեկ օտարերկրացի խաղացողով: Հայաստանի հավաքականի համար այդ խաղացողը դարձավ Բրայան Դանսթոնը: Նա ծնվել է 1986 թ. Կենտուկիում (ԱՄՆ): Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թ.-ից: 2014 և 2015 թթ. ճանաչվել է Եվրոպայի լավագույն պաշտպան: 2013 թ. դաձել է «FIBA inernational Cup»-ի հաղթող, 2015 թ. հունական «Օլիմպիակոսի» կազմում հաղթել է հունական լիգայում, նույն թվականին դարձել է «Թուրքիայի նախագահի Գավաթի» հաղթող, ապա տեղափոխվել Թուրքիայի «Անադոլու Էֆես» ակումբ:
ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում Եվրոպայի լավագույն պաշտպանը խոսել է Հայաստանի հավաքականի հրավերն ընդունելու, թիմակիցների և հայ ժողովրդի մասին:
- Մրցաշրջանի կեսն էր, երբ իմ գործակալը մոտեցավ ինձ և փոխանցեց առաջարկը: Նա ասաց, որ Հայաստանը ցանկանում է ինձ տեսնել իր հավաքականի կազմում: Մտածեցի, որ դա հրաշալի հնարավորություն է: Գիտեք, առաջին անգամ եմ խաղալու հավաքականների մակարդակով, այդ պատճառով էլ ցանկանում եմ լինել այս ամենի մի մասնիկը և օգնել թիմին իրականացնել ծրագիրը: Անցած տարի առաջարկ եղավ Սլովենիայից, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցի: Սա իմ առաջին հնարավորությունն է ներկայանալ ազգային հավաքականում, իսկ թիմում խաղալը մեծ հպարտություն է: Գիտեմ, որ դուք շատ եք հպարտանում ձեր թիմով: Ցանկանում եմ լինել այդ հպարտության մի մասը:
- Մինչև հրավեր ստանալը, ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին:
-Մինչև հավաքականին միանալը՝ ոչինչ չգիտեի: Ցանկանում եմ շատ բան տեսնել այստեղ: Գեղեցիկ վայր է: Ինչ եկել եմ Հայաստան, փորձում եմ հասկանալ այստեղի կյանքը, մարդկանց: Հայկական բասկետբոլի մասին ևս ոչինչ չգիտեի: Գիտեի միայն, որ շատ հայեր կան, ովքեր եկել են ԱՄՆ, սակայն հայ բասկետբոլիստների մասին ոչինչ չգիտեի:
-Ինչպե՞ս կնկարագրես հայերին:
-Շատ բարեհամբույր ժողովուրդ են: Բոլորն ուրախ էին ինձ տեսնել: Այստեղ գալուց առաջ շատ անհանգիստ էի, չգիտեի՝ ինձ ինչպես կընդունեն, քանի որ ես հայ չեմ, սակայն բոլորը ինձ տեսնելուց ժպտում և ասում են «Օ, բարի գալուստ»: Դա ինձ շատ օգնեց:
- Օրեր անց կմեկնարկի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, ի՞նչ ես կարծում, Հայաստանի հավաքականն ինչ արդյունքներ կգրանցի:
- Գիտեմ, որ նպատակը հաղթելն է: Որքան երկար խաղանք, այդքան թիմային խաղը կմեծանա: Պետք է խաղալ պաշտպանության վրա: Եթե թիմը մեկ բռունցք դառնա, հրաշալի կլինի: