Տեր Վահրամ. Ժամեր անց հովվապետերը համատեղ հայտարարությամբ հանդես կգան
Ժամեր անց Հռոմի սրբազան քահանայապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Այս մասին լրագրողների հետ ճապազրույցում հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Սպասվող հայտարարության բովանդակության վերաբերյալ մանրամասներ նա չհրապարակեց:
Ներկայացնելով Հռոմի Պապի այցի վերջին օրը սպասվող միջոցառումները, Տեր Վահրամը ծանուցեց, որ Խոր Վիրապում՝ հնագույն սրբավայրում, Ֆրանցիսկոս Պապն ու Գարեգին Երկրորդն իրենց աղոթքն են բարձրացնելու:
«Երկու հովվապետերը հնարավորություն կունենան կանգնելու այն դիտահարթակի վրա, որտեղից երևում է բիբլիական Արարատը: Արարատի ու փակ սահմանի ուղղությամբ նրանք արձակելու են աղավնիներ՝ ի նշան խաղաղության իրենց ուղերձի»,-ասաց Տեր Վահրամը:
Ընդհանուր առմամբ խոսելով Հռոմի Պապի հայաստանյան այցի ընթացքում տեղի ունեցած միջոցառումների մասին, Մայր աթոռի ներկայացուցիչը նկատեց, որ դրանց ընթացքում հովվապետերը ոչ միայն իրենց մտահոգություններն են փոխանակում մարդկության բարօր կյանքի, այլև մտորում են, թե ինչ գործնական քայլեր կարելի է ձեռնարկել խաղաղության փնտրտուքի ճանապարհին ու հոգևոր, բարոյական արժեքների ամրապնդման գործում:
«Ահավասիկ, այսօր տեղի ունեցած սրբազան Պատարագն ամենքիս համար վկայությունն էր եղբայրական այդ սիրո և երկու եկեղեցիների միջև գործակցության»,-ասաց Տեր Վահրամը:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երրորդ
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան