Արմեն Ալավերդյանը՝ Պապի հետ ողջագուրվելու մասին
Հանրապետության հրապարակում հունիսի 25-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հռոմի Սրբազան Քահանայապետի հանդիսապետությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությունից հետո Հռոմի Պապը առաջին շարքերում մոտեցել է հաշմանդամություն ունեցող անձանց ու մեկ առ մեկ ողջագուրվել նրանց հետ:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ, հաշմանդամություն ունեցող Արմեն Ալավերդյանը ևս նրանց թվում է եղել ու ասում է՝ երջանիկ է դրա համար:
«Շատ հուզիչ ու մարդկային վերաբերմունք էր: Ընդհանրապես՝ Էկումենիկ արարողությանը մասնակցելը արդեն մեզ համար մեծ պատիվ էր ու մենք շատ ոգևորված էինք, ոգեշնչված: Իսկ այդ անակնկալը, որը Պապը մատուցեց մի այնպիսի իրադարձություն էր, որը մեր ողջ ապագա կյանքի համար կունենա իր դրական հետևանքները՝ մենք կլինենք ավելի բարի, ավելի հանդուրժող, ավելի լավատես ու ավելի համերաշխ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով, Էկումենիկ արարողությանը ներկա գտնվելու հրավերն իրենց արել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Սակայն արարողության ավարտին, նրա խոսքով, իրենց մոտեցել են ու խնդրել են մոտենալ առաջին շարքերին, քանի որ «ոգևորող արարողություն է տեղի ունենալու»:
Կամավորների օգնությամբ մոտեցել են ու տեղի է ունեցել անակնկալը. «Մենք չհավատացինք, կասկածում էինք, բայց այդ պահը եկավ, շատ հիշարժան պահ էր: Այնքան հուզված էի, որ չեմ կարող համոզված ասել՝ ինչ-որ բան ասա՞ց ողջագուրվելիս, թե՞ ոչ: Բայց բարի աչքերով նայելով, դրական լիցքեր հաղորդելով, այդ ամենը տեղի ունեցավ:
Շուրջ 30 հաշմանդամություն ունեցող անձինք էին այդ ժամանակ հրապարակում և բոլորին մեկ առ մեկ մոտեցավ, ողջագուրվեց: Այդպես մենք նրա ճանապարհը հարթեցինք դեպի մեքենա: Կամավորները, որոնք մեզ օգնում էին տեղ հասնել, կիսվում էին, թե ինչ մեծ բախտ է, որ կամավորություն են անում մեզ, քանի որ այդպես կարողացան տեսնել Պապին»:
Հարակից հրապարակումներ`
- Հայերի տառապանքները մեզ են պատկանում. Հռոմի պապ
- Հռոմի Պապ. Լսենք խոնարհների և աղքատների ձայնին
- Կաթողիկոսը՝ Հռոմի Պապին. Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երրորդ
- Հռոմի Ֆրանցիսկոս Պապ. Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում
- Հռոմի պապ. Այսօր ավելի արդար հասարակության կարիքը կա