Հայերի տառապանքները մեզ են պատկանում. Հռոմի պապ
«Հայերի տառապանքները մեզ են պատկանում, այդ տառապանքները Քրիստոսի խորհրդավոր մարմնի անդամների տառապաքներն են»,-նախօրեին Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ արարողության և խաղաղության աղոթքից հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:
Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր հրապարակում երեկ կայացել էր Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիսապետությամբ:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր համամիութենական աղոթքում ասել էր. «Չեմ կարողանում չմտածել այն սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը. ընդամենը մի դար է անցել Մեծ Եղեռնից, որ ձեզ պատուհասեց: Այս «սոսկալի և խելագար ջարդը» (Ուղերձ Սուրբ Պատարագի սկզբին հայածես հավատացյալների, 12 ապրիլի 2015թ.), այս անարդարության ողբերգական խորհուրդը, որ ձեր ժողովուրդը իր մարմնի վրա կրեց, միշտ տպավորված է մնում հիշողության մեջ և այրում է սիրտը: Ուզում եմ շեշտել, որ ձեր տառապանքները մեզ են պատկանում, «Քրիստոսի խորհրդավոր մարմնի անդամների տառապանքներն են» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Առաքելական նամակ հայ ժողովրդի Մկրտութեան 1700-ամեակի առիթով», «Ուսուցումներ ԻԴ», 1 [2001], 275); դրանք հիշելը ոչ միայն պատեհ է, այլև՝ պարտավորություն. բոլոր ժամանակների համար թող ազդակ դառնան, որպեսզի աշխարհը այլևս երբեք չընկնի այդպիսի սխալների հորձանքի մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Ֆրանցիսկոս Պապ. Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում
- Հռոմի պապ. Այսօր ավելի արդար հասարակության կարիքը կա
- Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում ճառ չարտասանեց, քանի որ ավելի շատ խորհելու, աղոթելու պահեր էին. Ֆեդերիկո Լոմբարդի
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին