Հռոմի Պապն ինսթագրամի իր էջում հայաստանյան լուսանկարներ է հրապարակել
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրացիսկոս Պապն Ինսթագրամի իր էջում հայաստանյան լուսանկարներ է հրապարակել:
«Կարծում եմ՝ այս սուրբ խորանին, որտեղից Հիսուսի լույսը սփռվեց Հայաստանի վրա, մոտենալու հնարավորությունը Աստծո անգին նվերն է»,-նման մեկնաբանություն է արել Սրբազան Քահանայապետը Սուրբ Էջմիածնում արված լուսանկարի ներքո:
«Աստված նվիրեց սիրելի հայ ժողովրդին և ողջ աշխարհին խաղաղություն և մխիթարանք»,-գրել է Հռոմի Պապը՝ Նոյյան տապանի մանրակերտի մեջ ջուր լցնելը պատկերող լուսանկարի ներքո:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում խաղաղության միասնական աղոթքից հետո երկու հովվապետերին մոտեցան Մերձավոր Արևելքից ժամանած ընտանիքների մանուկներ, ովքեր Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հռոմի Սրբազան Քահանայապետին մատուցեցին օրհնության համար իրենց երկրներից բերված հողով և ջրով լցված սափոր: Հողը և ջուրն օրհնելուց հետո այն լցվեց բեմահարթակի վրա դրված Նոյյան տապանի մանրակերտի մեջ:
Տասներկու երեխաները կրում են հայկական պատմական նահանգների ավանդական զգեստները: Նրանցից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, որոնք ապաստանեցին Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում: Այս երեխաները ժամանել են Սիրիայի տարբեր շրջաններից, Լիբանանից, Իրաքից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսրայելից, Հորդանանից, Եգիպտոսից, Քուվեյթից, նաև Իրանից և Թուրքիայից:
Երեխաների խմբի վերջին զույգը Հայաստանից է: Նրանք խորհրդանշում են հայ ժողովրդի վերածնունդն իր պատմական հայրենիքի այս հատվածում: Շարքի առջևից քայլում է հոգևորական, ձեռքին՝ խաղողի վազ՝ կավե ամանի մեջ: Նա մոտենում է Նոյան տապանի մանրակերտին, կոտրում կավե ամանը և խաղողի վազը տնկում է Նոյյան տապանի մանրակերտի մեջ: Այսպիսով, կոտրվում է քարացած բնությունը և, կարծես, տնկվում է, առաջին ծառը՝ որթատունկը: Այն խորհրդանշում է փրկության և վերածննդի ուղին անցած Նոյ նահապետին, ով բիբլիական Արարատից իջնելով՝ տնկեց որթատունկը: Այնուհետև երեխաները մեկ առ մեկ մոտենում են և իրենց ձեռքում պահած սափորի միջի հողը լցնում Տապանի մանրակերտի մեջ:
Նոյյան Տապանի այս մանրակերտը հեղինակել է հայտնի ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամը Նյու Յորքից: Այս մանրակերտը Հայաստանը նվիրաբերվելու է Հռոմի Սրբազան Քահանայապետին, և այն Երևանից տեղափոխվելու է Վատիկան:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երրորդ
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին