Հռոմի պապի այցը շարունակում է մնալ միջազգային մամուլի գլխագրերում
Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն ու պարբերականները շարունակում են լայնորեն լուսաբանել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած եռօրյա այցը:
Associated Press գործակալությունն անդրադառնալով այսօր առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած պատարագին՝ գրում է, որ Պապն իր այցի վերջին օրը Հայ Առաքելական եկեղեցու հետ միասնության կոչ հնչեցրեց:
Շարունակելով, գործակալությունը նկատում է, որ Էջմիածնում մատուցած բացօթյա պատարագի ընթացքում Սրբազան Քահանայապետն ավելի շատ ուշադրությունը կենտրոնացրել էր եկեղեցական թեմաների շուրջ:
Էջմիածնում տեղի ունեցած պատարագին անդրադարձել են նաև այլ հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք «ABC News», «Boston Herald», «The New York Times», «Townhall», «Fox News», «Al Jazeera», «Daily Mail», «National Catholic Reporter» և այլ լրատվականներն են:
Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ նաև Հռոմի պապի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության կազմում հայ ժողովրդի կոտորածներն որպես Ցեղասպանություն բնութագրելու և այս կապակցությամբ Վատիկանի նախկին դիրքորոշումը վերահաստատելու փաստը:
Այս առումով, CNN հեռուստալիքը եթեր հեռարձակած տեսանյությում նշում է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Պապը կրկին արտաբերեց Ցեղասպանություն եզրույթը և աղոթեց, որ նման ողբերգություններ այլևս երբեք չկրկնվեն: CNN-ը հիշեցնում է, որ Պապը գտնվում է մի երկրում, որն առաջինն է ընդունել Քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Newsweek պարբերականն էլ ուշադրություն է հրավիրում հայ-թուրքական հաշտեցման վերաբերյալ Պապի կոչերին՝ միաժամանակ նշելով, որ Պապը խաղաղություն է մաղթել նաև Լեռնային Ղարաբաղին:
Միջազգային մամուլի ուշադրությունից չի վրիպել նաև պաշտոնական Վատիկանի արձագանքը Թուրքիային, այն բանից հետո, երբ Թուրքիան Ցեղասպանություն եզրույթը կիրառելու համար Պապին մեղադրեց «խաչակրաց արշավի ոգով» արտահայտվելու մեջ:
Այս առումով, մասնավորապես Associated Press գործակալությունը տարածել է Հռոմի պապի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի մեկնաբանություն-պատասխանը առ այն, որ Պապի խոսքերում «ոչ մի բան չկա, որը կարող է մեկնաբանվել որպես խաչակրաց արշավի ոգի» և որ «Պապի իրական մտադրությունը ժողովուրդների միջև խաղաղության երկխոսության հիմքեր գցելն է»:
Հարակից հրապարակումներ`
- The Guardian: Թուրքիան Ցեղասպանության մասին Պապի հայտարարությունը «խաչակրաց մտածելակերպ» է որակում
- The Telegraph. Պապը վտանգում է Թուրքիայի հետ հարաբերությունները՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը
- Թուրքական մամուլի անդրադարձը Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին
- Արաբական ԶԼՄ-ների արձագանքը Հռոմի Պապի՝ հայաստանյան այցին
- Իրանական ԶԼՄ-ների արձագանքը Հռոմի Պապի՝ հայաստանյան այցին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին