Ծիրան արտահանողները Լարսի փակվելու հետևանքով վնասներ են կրում
Լարսի անցակետը փակվելու մասին Հայաստանում հայտնի դարձավ հունիսի 23-ի երեկոյան:
Հայաստանից Վրաստանի սահմանը դեռ չհատած Արարատի բնակիչը, ով պատրաստվում էր սեփական մեքենայով հերթական փոքր խմբաքանակով ծիրանն արտահանել դեպի Կրասնոդար, ստիպված հետ է վերադառնում:
«Հունիսի 24-ի առավոտյան հասանք Վրաստանի սահման: Անցակետում տեղեկացրեցին, որ Լարսը փակվել է: Շոգ էր: Մի քանի ժամ սպասեցինք, հուսադրող որևէ բան բացվելու մասին չէին ասում, ծիրանն էլ շոգից սկսել էր փչանալ: Ստիպված հետ դարձանք»,-Panorama.am-ին պատմեց նա:
Հնարավորինս շուտ ծիրանը ծախելու ու ակնկալվող վնասի չափը նվազագույնի հասցնելու համար փորձում են միրգն իրացնել Վանաձորում: Չի հաջողվում: Հետո փորձում են Գյումրիում:
«Էժան «թափեցինք», եկանք: 2 տոննայի մեջ 150 հազար դրամի վնաս եմ կրել»,-ասաց նա:
Այս պահին քանի՞ հայկական ավտոմեքենա կա Լարսի անցակետում՝ հայտնի չէ: Չկան ընդհանուր հաշվարկներ, թե ընդհանուր առմամբ արտահանողներն ինչքան են տուժել:
Պաշտոնական միակ տեղեկատվությունն այն է, որ հունիսի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:
Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:
Ավելի վաղ գյուղատնտեսության նախարարությունից հայտնել էին, որ պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ: Առաջին բեռնափոխադրումըիրականացվել է հունիսի 25-ին երկու ուղղություններով:
«Առաջարկում ենք արտահանողներին օգտվել վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը»,-ասված է ԳՆ հայտարարության մեջ:
Հունիսի 22-ի դրությամբ արտահանվել է 5675 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 2710 տոննայի փոխարեն, ծիրանի արտահանման օրական միջին ծավալը կազմում է մոտ 600-800 տոննա:
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսի անցակետը փակ կլինի մեկ շաբաթ
- Նախարար. Հայաստանից օրական արտահանվում է 600-800 տոննա ծիրան