Ժամանակն է, որպեսզի մեր ունեցած գանձերը հետ վերադառնան. Հասմիկ Պապյան
Ժողովուրդ կոչվելու համար պետք է ուժեղ մշակույթ ունենալ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Հայաստանում ստեղծվեց մշակութային, գիտական կենտրոններ, հաստատություններ, չնայած սովին, խորհրդային բռնատիրական կարգերին, իսկ վերջին 25 տարում այդքան մեծահարուստներ կան Հայաստանում, բայց մեկ թատրոն անգամ չի կառուցվում:
Է. Թոփչյանն անմիջապես մեջբերեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերը. «Պատերազմի ժամանակ ծախսերը կրճատելու ցուցակ են ներկայացնում, երբ հասնում են մշակույթի ոլորտին, նա ասում է՝ մեկ րոպե, եթե կրճատում ենք մշակույթից, էլ ինչի համար ենք պայքարում»:
Ըստ դիրիժորի, թեև ասվում է Խորհրդային բռբնատիրական կարգեր, սակայն հենց այդ տարիներին մշակույթին շատ մեծ ուշադրություն է դարձվել:
«Այսօր ես հաճախ եմ օրինակ բերում երիտասարդ հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին: Տաղանդավոր հայ ժողովրդի մեջ միայն նա չէ, բայց ինչու իրեն գիտենք, որովեհտև ճիշտ է կրթվել, ճիշտ է աշխատել, ճիշտ տեղում է հայտնվել: Այսօր մեր պրոբլեմն ինչն է՝ չենք ուզում կրթվել, լուրջ ուղղությամբ չենք ուզում գնալ»,-ասաց Է.Թոփչյանը:
Ինչ վերաբերում է մեծահարուստներին, դիրիժորի խոսքով, գուցե ոչ բոլորն են զարգացած ու ոչ բոլորն են հասկանում, թե ով է Շեքսպիրը, Բեթհովենը:
«Սա երևի հաջորդ էտապն է, որ պետք է մեզ մոտ տեղի ունենա»,- հավելեց նա:
Ասուլիսին ներկա ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը հայ ժողովրդի գենետիկ անցյալի մեջ է տեսնում արագ հաստատվելու, վերաձևավորվելու հիմքերը:
«Ինչպե՞ս եղավ, որ քրիստոնեությունից անմիջապես հետո մեր երկրում ստեղծվեցին անկրկնելի տաճարներ: Դա մեր գենետիկ անցյալն է, որպես ազգային տեսակ արագ ենք վերականգնվում, իհարկե, երբ որ լինում է պարարտ հող: Լավ կլինի, որ այդ գենետիկ անցյալը չվերանա»,- ասաց երգիչը:
ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի դիտարկմամբ, Հայաստանում Խորհրդային միության կարգերի հաստատումից հետո շատ շնորհալի հայեր վերադարձան՝ Սպենդիարյան, Թամանյան, Սարյան:
«Հիմա մեզ մոտ հակառակն է, այստեղից գնում են: Ժամանակն է, որպեսզի մեր ունեցած գանձերը հետ վերադառնան, կարողանան իրենց գիտելիքները ներդնել հանուն հայրենիքի»,- նշեց օպերային երգչուհին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին