Գյոկչյան. «Այս հավաքականին մեծ ապագա է սպասվում»
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականն արդեն Մոլդովայում է, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Մեր ընտրանին ժամանել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև և հանգրվանել «Կորդու» հյուրանոցում: Հունիսի 27-ին Տիգրան Գյոկչյանի սաները վերջին մարզումը կանցկացնեն Մոլդովայի հավաքականի հետ կայանալիք խաղից առաջ:
Մինչ այս հավաքականը 3-շաբաթյա ուսումնամարզական հավաք էր անցկացնում Երևանում և երկու ընկերական հանդիպումներում հաղթեց Իրանի երիտասարդական ու մեծահասակների թիմերին:
Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում ամփոփել է տղաների ելույթները, խոսել հավաքականի և ապագա մրցակիցներին մասին:
- Պարոն Գյոկչյան, Իրանի հավաքականի հետ խաղի ամբողջ ընթացքում անընդհատ ինչ-որ բանից դժգոհ էիք: Հիմա գո՞հ եք, քանի որ թիմը երկու ընկերական խաղում էլ հաղթել է:
- Այդքան էլ գոհ չեմ, քանի որ հանդիպումը բավական երկար ձգվեց, իսկ մրցավարներն անկառավարելի էին: Իմ թիմը խաղաց իր հնարավորությունների 70 տոկոսով: Իհարկե, այս խաղերը մեզ համար մեծ փորձ էին: Մոլդովայում էլ կողմնապահություններ, սխալ կամ ճիշտ որոշումներ կլինեն: Իրանի հավաքականը բավական ուժեղ մրցակից էր, խաղացողները լավ տեխնիկա ունեն: Հավաքականի տղաները ժամանակ առ ժամանակ հրաշալի թիմային աշխատանք էին կատարում:
- Այդ խաղերում փորձարկումներ կատարեցի՞ք:
- Անշուշտ, փորձարկումներ եղան և կապված էին Դանսթոնի հետ. մեկը՝ նրա մասնակցությամբ, մյուսը՝ առանց նրա: Իսկ այս խաղի հաշիվը պետք է առավել մեծ լիներ: Սակայն մեր հույզերը չկարողացանք կառավարել:
- Արդեն ուսումնասիրել եք Մոլդովայի, Անդորրայի և Ուելսի հավաքականների խաղը: Ինչպիսի՞ մրցակիցներ են նրանք:
- Երեքն էլ ուժեղ մրցակիցներ են և շատ կազմակերպված են գործում: Երեքն էլ եվրոպական խաղաոճ ունեն: Եթե օգտագործենք մեր ներուժը, կհաղթենք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
- Պարոն Գյոկչյան, այս օրերին հետևում էիք նաև երիտասարդական թիմին: Ի՞նչ տպավորություն ստացաք:
- Երիտասարդներն արդեն երկրորդ հանդիպումն է, ինչ շատ վատ մեկնարկում են, սակայն հրաշալի ավարտում են: Նրանք վատ չխաղացին Իրանի թիմերի դեմ: Շատ կազմակերպված էին գործում վերջին երկու քառորդներում: Ամեն դեպքում՝ հետաքրքիր էր հետևել նրանց խաղին: Վստահ եմ՝ մի քանի հանդիպում հետո նրանց կհաջողվի ավելի լավ գործել:
- Ի՞նչ է լինելու հավաքականի հետո Եվրոպայի առաջնության ավարտից հետո:
- Այս տարի այլևս հավաք չենք ունենա, քանի որ հավաքականի անդամներից մի մասն աշխատում է, ոմանք դեռ սովորում են: Այս տարի կբավարարվենք այսքանով: Ստեղծելով այս հավաքականը՝ արթնացրեցինք բոլորի հետաքրքրությունը բասկետբոլի հավաքականի և, ընդհանուր առմամբ, մարզաձևի նկատմամբ: Ես ինքս, որպես մարզիչ, քիչ եմ գոհ լինում իմ կատարած աշխատանքից, քանզի կարծում եմ, որ կարելի է ավելին անել: Այս անգամ ներքին վստահություն ունեմ, որ այս հավաքականին մեծ ապագա է սպասվում: Այս կերպ լավ բազա կարող ենք ստեղծել երիտասարդների և պատանի բասկետբոլիստների համար: